ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի - Sputnik. Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջն օգտագործում է այլ զիջումներ ստանալու համար։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը`անդրադառնալով ՀՀ անկախության հռչակագրի ընդունման տարեդարձին։
Արամ Մանուկյան
© Sputnik / Zara Mika
«Ադրբեջանին դա պետք չէ, այդ մասին նա խոսում է, որպեսզի ուրիշ պահանջներ ներկայացնի տարբեր զիջումներ ստանալու համար։ Դա պահանջների մի ամբողջ շարք է։ Ադրբեջանն ավելի շատ հոգեբանորեն նվաստացնելու խնդիր ունի, ժողովրդին խեղճացնելու, կոմպլեքսների մեջ գցելու, որովհետև Սահմանադրության փոփոխության կամ նոր զիջումների մասին 2020 թվականի եռակողմ հայտարարությունում կետ չի եղել»,– ասաց Մանուկյանը։
Նրա խոսքով` Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացվող իրական պահանջներից են Սյունիքով անցնող «միջանցքը», ադրբեջանցիների վերաբնակեցման հարցը, ինչպես նաև այն, որ Ջերմուկի գրավված տարածքներից հետ չքաշվեն։
«Բաքուն այդ ամենը պահանջելու է այնքան ժամանակ, քանի դեռ կա այն մեկը, որը զիջելու է։ Եթե զիջողը չլիներ, ապա ումի՞ց էր նա այդ ամենը պահանջելու»,– նշեց մեր բանախոսը։
Մանուկյանի պնդմամբ` և՛ Ալիևը, և՛ Փաշինյանը զիջումների անհրաժեշտությունը հիմնավորում են նոր ագրեսիայի սպառնալիքով։ Իբր, որպեսզի Ադրբեջանը չհարձակվի, ամեն ինչ պետք է հերթով զիջել։
«Այդ ցուցակը վերջ չունի, այն պետք է կտրել, իսկ դրա համար Նիկոլի (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի) ուժը չի պատում, որովհետև ո՛չ դիվանագիտական, աջակցություն ունի, ո՛չ էլ ներքին։ Սրա ավարտը տեսնում եմ միայն Փաշինյանի հեռացմամբ, քանի որ ցանկացած նոր իշխանություն, որը չունի պարտվածի պիտակ, կարող է հրաժարվել»,– նշեց քաղաքական գործիչը։
Հիշեցնենք` ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքումն առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության անհնար է:
Նշենք, որ Հայաստանի Սահմանադրության նախաբանում ասվում է, որ այն հիմնված է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշման վրա: