ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը հակասահմանադրական կճանաչվի, իսկ քաղաքական այդ ուժի խորհրդարանականները կզրկվեն պատգամավորական մանդատից։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Կարծում եմ, որ խորհրդարան երկու ուժ կանցնի։ Դա կլինի «Վրացական երազանքն» ու ընդդիմադիր միավորումներից մեկը։ Դա, քաղաքական գործընթացների ավարտից հետո, կորոշի բնակչությունը։ Ով էլ որ հաղթահարի անջրպետը, ոչ ոք չի կարողանա խուսափել պատասխանատվությունից այն ամենի համար, ինչ արվել է իրենց կառավարման օրոք և ընդդիմությունում եղած 12 տարիների ընթացքում... Խորհրդարանական մանդատների չեղարկումը «Ազգային շարժում» կուսակցության արգելքի տրամաբանական շարունակություն կլիներ, դա կարող է անել Սահմանադրական դատարանը», – հայտարարել է լրագրողներին Կոբախիձեն։
Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում կանցկացվեն հոկտեմբերի 26-ին։ Ավելի վաղ Կոբախիձեն հայտարարել էր, որ եթե «Վրացական երազանքը» ստանա մեծամասնության քվեն, Սաակաշվիլու կուսակցությունը հակասահմանադրական կհայտարարի։