«Մարաթուկ» ՀՈԱԿ-ի տնօրենի գործով 2 անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտե
Երևան համայնքին պատճառվել է ընդհանուր 7,4 մլն ՀՀ դրամ վնաս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Նախկին «Մարաթուկ» մշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի գործով 2 անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ դեռ 2020 թվականի հուլիսին մշակութային կենտրոնի տնօրենի նկատմամբ առանձնապես խոշոր չափերով յուրացում և վատնում կատարելու մեղադրանք է առաջադրվել։ ՔԿ–ն հայտնել էր, որ ՀՈԱԿ-ի տնօրենy 2013-2020թթ. ընթացքում աշխատանքի է նշանակել իր հարազատներին, ազգականներին և մտերիմներին (5 անձի), որոնք աշխատանքի չեն ներկայացել, բայց նրանց աշխատավարձերը դուրս են գրվել։ Արդյունքում, նախաքննության հաշվարկով, Երևան համայնքին պատճառվել է 6.531.934 դրամի վնաս։
Այժմ ՔԿ-ն հայտնում է, որ նախաքննությամբ պարզվել է հափշտակված գումարի իրական չափը՝ 7․428․900 մլն դրամ, մեղադրանք էլ ներկայացվել է 6 անձի։
«Ձեռք բերված փաստերի հիման վրա նախկին ՀՈԱԿ-ի տնօրենի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի (վստահված գույքը հափշտակելը) 3-րդ մասի 3-րդ կետով։ Նրա հարազատներից և մտերիմներից չորսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 46-256-րդ հոդվածի (վստահված գույքը հափշտակելուն հանցակցելը) 2-րդ մասի 3-րդ կետով, ևս մեկ ազգականի նկատմամբ՝ 46-256-րդ հոդվածի (վստահված գույքը հափշտակելուն հանցակցելը) 1-ին մասով»,- ասված է հաղորդագրությունում։
Մեղադրանք ներկայացված անձանցից 4-ի մասով (այդ թվում` տնօրենի) նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:
Մյուս 2 անձի նկատմամբ, որոնք բացակայում են հանրապետությունից, հայտարարվել է հետախուզում, և նրանց մասով առանձնացված վարույթով նախաքննությունը շարունակվում է:
Ինչպես 2020 թվականին, այնպես էլ հիմա, ՔԿ–ն չի նշել տնօրենի ով լինելը, այդ պատճառով ներկայացնում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում առկա տվյալները։ Մշակութային կենտրոնը ձևավորվել է հայկական ազգագրական երգի և պարի «Մարաթուկ» համույթի հիմքի վրա:
1993 թ.-ից համույթի հիմնադիր Մգրո Սարգսյանի մահից հետո համույթի գեղարվեստական ղեկավար է դարձել Երվանդ Թորոսյանը, իսկ 2009 թ.-ից համույթի տնօրեն է դարձել Հասմիկ Բաղդասարյանը:
2012 թ. դեկտեմբերին Երևան քաղաքի ավագանու որոշմամբ ստեղծվել է «Մարաթուկ մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ը, և կենտրոնի տնօրեն է նշանակվել Հասմիկ Բաղդասարյանը։ «Մարաթուկ» մշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը լուծարվել է 2022 թվականին։