ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Ակադեմիական քաղաքի համար Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմի» տարածքը և Երևան քաղաքի 17-րդ թաղամասը ճանաչվեցին հանրային գերակա շահ։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշվում է, որ «Երևան քաղաքի և Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 2024 թ. հունվարի 4–ի նիստում։
«Ակադեմիական քաղաքի ստեղծման նպատակով որպես հիմնական տեղամաս ընտրվել է Երևան քաղաքի 17–րդ թաղամասի տարածքը, որի սահմաններում առկա են ինչպես պետության և համայնքի սեփականություն հանդիսացող հողամասեր, այնպես էլ ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող հողամասեր»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Որոշման մեջ նաև նշվում է, որ հիմնական տեղամասում առկա են համայնքի սեփականություն հանդիսացող և ֆիզիկական ու իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող հողամասեր, այդ նպատակով պետք է ապահովվի սեփականատերերի արդարացի և համարժեք փոխհատուցումը։
Այդ նպատակով ՀՀ կառավարությունը նպատակահարմար է գտել, որ սեփականության օտարման գործընթացը թե՛ գործիքակազմի և թե՛ փորձառության տեսանկյունից պետք է կազմակերպեն Արագածոտնի մարզպետն ու Երևանի քաղաքապետը։