ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Կովերի ծինը ՀՀ–ում համաչափ բաշխելու համար 220 մլն դրամ կտրամադրվի արհեստական սերմնավորմանը։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Անասնաբուծության խթանման այս ծրագիրը ներկայացնելիս ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ այն փորձնական կիրականացնեն Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի, Արագածոտնի մարզերում։
«Ինչո՞ւ հենց այս մարզերում. Գեղարքունիքն ամենամեծ գլխաքանակ ունեցող մարզն է, Տավուշում և Սյունիքում սոցիալական բաղադրիչին ենք ուշադրություն դարձրել։ Արագածոտնում կովերի սեզոնային ծինը ամենացայտունն է արտահայտված. այստեղ մի սեզոն ունենում ենք շատ ցայտուն արտահայտված կաթի գերարտադրություն, իսկ մեկ այլ սեզոնի` գրեթե կաթի բացակայություն։ Արհեստական սերմնավորման արդյունքում կփորձենք համաչափ բաշխել կովերի ծինը և արդյունքում նաև կաթնատվության ամբողջ գործընթացը»,– ընդգծեց Պապոյանը։
Նա նշեց, որ մեկ կովի արհեստական սերմնավորման համար միջին գինը կարժենա 15 հազար դրամ, որից պետությունը կփոխհատուցի արժեքի 70 տոկոսը, սակայն ոչ ավելի, քան 10 հազար դրամը։
Պապոյանը վստահեցրեց, որ արհեստական սերմնավորման արդյունքում կովերի կաթնատվությունը տարեկան կավելանա մինչև 1 100 կգ–ով` կազմելով 3 600 կգ (հիմա 2000–2400 կգ է), արդյունքում լրացուցիչ կարտադրվի 8.2 մլրդ դրամի բարձրորակ կաթ և միս։
Անասնաբուծության խթանման ծրագրի մյուս բաղադրիչը ոչխարաբուծության և այծաբուծության ծավալների մեծացման համար փոխհատուցման բաղադրիչի 50 տոկոսով բարձրացումն է։ Այդ նպատակով 2024–28 թթ. համար ՀՀ պետական բյուջեից կհատկացվի 1 մլրդ 951 մլն դրամ։
«Ակնկալվում է, որ կներդրվի համաշխարհային լավագույն ցեղերի 10 հազար գլուխ տոհմային կենդանիներ, որոնց գենոֆոնդը կօգտագործվի տեղական ցեղերի մթերատվության բարձրացման համար։
Արդյունքում, տեղական ոչխարների պտղատվությունը կբարձրանա 20 տոկոսով, 15 կգ–ով կավելանա նրանց քաշը, իսկ այծերի քաշը կավելանա մինչև 7 կգ–ով»,– նշեց նախարարը։
Ներկրված տոհմային այս կենդանիներից ՀՀ կառավարությունն ակնկալում է տարեկան ստանալ շուրջ 20 հազար բարձրարժեք սերունդ, գրեթե 25 տոկոսով ավելացնել ոչխարաբուծությունից և այծաբուծությունից ստացվող արտադրանքի ծավալը` տարեկան ստանալով շուրջ 3.5 մլրդ դրամի համախառն արտադրանք։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց` թեև ոչխարաբուծությունն ամենաեկամտաբեր ոլորտներից է, բայց ՀՀ–ում այդպես էլ չեն կարողանում ոչխարաբուծությունը զարգացնել։
«Երբ ուզում էի հասկանալ՝ ինչն է պատճառը, որ գլխաքանակ չի ավելանում, լսեցի ինձ համար թերևս ամենաանսպասելի պատասխանը։ Օրինակ` Ծիլքարում ասացին, որ հովիվների պրոբլեմ կա, չեն կարող հովիվ գտնել, որովհետև ոչխարն այն տեսակն է, որին արոտավայրերում պետք է հովիվները արածեցնեն»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է մեղվաբուծությանը, ապա Պապոյանը նշեց, որ այս ոլորտի զարգացման համար 2025–26 թթ. համար կհատկացվի 400 մլն դրամ։