Գերագույն դատարանը Մադուրոյին ճանաչել Է Վենեսուելայի ընտրված նախագահ

Նիկոլաս Մադուրոն. Արխիվային լուսանկար
Ընդդիմության նախկին թեկնածու Էդմունդո Գոնսալեսի նկատմամբ պետք է ձեռնարկվեն միջոցներ, քանի որ նա չի ներկայացել դատարան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի - Sputnik. Գերագույն դատարանը հաստատել է ընտրական հանձնաժողովի արդյունքները և Նիկոլաս Մադուրոյին ճանաչել Է Վենեսուելայի ընտրված նախագահ, որը պաշտոնավարելու է 2025-2031 թվականներին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Telesur հեռուստաալիքը։
«Գերագույն դատարանը կայացրել է որոշում, որ քաղաքացի Նիկոլաս Մադուրոն նախագահ կլինի 2025-2031 թվականներին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Դատարանի կարծիքով՝ ընդդիմության նախկին թեկնածու Էդմունդո Գոնսալեսի նկատմամբ պետք է ձեռնարկվեն միջոցներ, քանի որ նա չի ներկայացել դատարան՝ ի տարբերություն պետության ղեկավարի պաշտոնի մյուս հավակնորդների:
Ազգային ընտրական խորհուրդը հուլիսի 28-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթող է ճանաչել գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին: Այդ արդյունքների հետ չհամաձայնողները հենց հաջորդ օրը սկսել են բողոքներ մայրաքաղաք Կարակասում և այլ քաղաքներում․ տեղի են ունեցել բախումներ ուժայինների և ցուցարարների միջև։ Վերջիններս քարեր և հրկիզող խառնուրդով շշեր են նետել իրավապահների վրա, ոչնչացրել ոստիկանության ավելի քան 250 հենակետեր, կատարել վանդալիզմի բազմաթիվ գործողություններ և կողոպուտներ: Ուժայինները ձերբակալել են ավելի քան 2 հազար մարդու, որոնց մեղադրել են պետական ենթակառուցվածքներն ավերելու, ատելություն հրահրելու և ահաբեկչության մեջ:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հուլիսի 31-ին սահմանադրական պաշտպանության հայցով դիմել է Գերագույն դատարան ընտրական գործընթացի դեմ ոտնձգությունները կանխելու համար, որոնք նա պետական հեղաշրջում իրականացնելու միջոց է որակել: