ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Թուրքիայում՝ Արևմտյան Հայաստանի տարածքում, ավարտվել է Ուրարտուի թագավորության ժամանակաշրջանի ջրամբարի վերականգնումը, որը շուրջ 2800 տարեկան է։ Տեղեկությունը հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Արտեֆակտը հայտնաբերվել է Արևելյան Անատոլիայի Խարբերդի (թուրք․ Հարպուտ) ամրոցում։
Խարբերդում հնագիտական աշխատանքների ղեկավար Իսմայիլ Այթաչը թուրքական ԶԼՄ-ին հայտնել է, որ այն այցելուների համար բաց կլինի, երբ դրա մոտ գնացող ճանապարհ կառուցվի։
52 աստիճան տանում է դեպի ժայռի մեջ գտնվող ջրամբար, այն 4,5 մ տրամագիծ ունի, 30 մ խորություն։
«Այս ջրամբարը Թուրքիայում բնական ժայռի մեջ փորագրված ամենամեծ ջրամբարն է համարվում։ Երբ ջուրը վերջանում էր, այն օգտագործում էին սնունդ պահելու համար»,- պատմել է Իսմայիլ Այթաչը։
Խարբերդ պատմական թաղամասն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում։ Այստեղ առաջին բնակավայրերի հետքերը թվագրվում են մ.թ.ա. 3000 թվականով։
Խարբերդի շրջանում հնագիտական պեղումների և վերականգնման աշխատանքները մեկնարկել են 2004 թվականին։
Ավելի վաղ այդ շրջանում 112 աստիճան ունեցող ջրամբար էր վերականգնվել, որը նույնպես Ուրարտուի թագավորության ժամանակաշրջանին է թվագրվում։
Այթաչը նշել է, որ Խարբերդ ամրոցի ժայռափոր եզրաչափային ջրի տարաները պատմության և զբոսաշրջության տեսանկյունից նշանակալի կառույցներ են։
Ամրոցում փոքր չափերի ջրամբարներ էլ կան, և 2-ն են, որ մեծ են ու աստիճաններով։
Սելջուկյան ժամանակներում դրանցից մեկն օգտագործվել է որպես բանտ, որտեղ խաչակիրների թագավորն է պահվել։