Վահան Քերոբյանը ժամանակին կոնյակի սպիրտի վերաբերյալ առաջարկ է արել. ովքե՞ր են դեմ եղել

Վահան Քերոբյան
Նախկին նախարարը պատմում է, որ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել տարաձայնությունների մասին և պաշտպանել է Վահան Քերոբյանի ղեկավարած գերատեսչության առաջարկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. ՀՀ–ից արտահանվող կոնյակի սպիրտն առանց որակական հսկողության ոչ միայն վնասում է մեր կոնյակի համբավը, այլև արտադրողների շահերը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը` անդրադառնալով Ռուսաստանում անցկացված հետազոտության արդյունքներին։
Օգոստոսի 20-ին հայտնի դարձավ, որ «Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիան և Ռուսաստանի կոնյակ, սպիրտ և ալկոհոլային խմիչք արտադրողների միությունը համատեղ հետազոտություն են անցկացրել և պարզել, որ ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակների գրեթե 90%-ն անվտանգ չեն, իսկ արտադրանքի մոտ կեսը պարունակում է ոչ խաղողի սպիրտ: Ավելի ուշ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ հետազոտության արդյունքները չեն ստացել, թեմային կանդրադառնան փաստերին ծանոթանալուց հետո։

«Խնդիրը ոչ թե Հայաստանից Ռուսաստան արտահանվող շշալցված կոնյակն է, այլ կոնյակի սպիրտը, որի որակի հետ կապված մեծ խնդիրներ կան»,– ասաց Վահան Քերոբյանը` ընդգծելով, որ շշալցված կոնյակի որակն ավելի լավն է։

Նա պատմեց, որ 2023 թվականի վերջին, երբ դեռ նախարար էր, հրաժարվել է ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել կոնյակի սպիրտի սուբսիդավորման նախագիծն այն տեսքով, որով իրեն էր տրամադրվել։
«Ինձ համար պարզ էր` այն մեխանիզմը, որ ներդրված էր նախագծում, չի ապահովում այն, որ հենց խաղողից արտադրված կոնյակի սպիրտն արտահանվի ՀՀ–ից։ Մենք նախարարությունով առաջարկ էինք արել, որն իմ պաշտոնավարման դադարեցումից հետո ինչ–որ ժամանակ հայտնվեց նաև e-draft–ում։ Առաջարկն այն մասին էր, որ արտահանվող կոնյակի սպիրտի համար արտոնություն տրվի միայն այն դեպքում, երբ շվեյցարական ընկերության կողմից անհրաժեշտ լաբորատոր փորձաքննություններն անցկացվեն և հաստատվեն, որ արտահանվող կոնյակի սպիրտն իսկապես խաղողից է»,– ասաց Քերոբյանը։
Կառավարությունն ի վերջո ընդունեց որոշում, որ կոնյակի սպիրտն արտահանվի առանց որակի հետազոտման։ Ըստ նախկին նախարարի` դա նշանակում է, որ հարվածի տակ ենք դնում ինչպես հայկական կոնյակի համբավը, այնպես էլ վնասում ենք խաղողի սպիրտից արտադրված, շշալցված կոնյակի իրացումը ռուսական շուկայում։
Բացի այդ, նրա խոսքով` տուժում են նաև տասնյակ հազարավոր խաղողագործներ, քանի որ նրանց արտադրանքի նկատմամբ պահանջարկը նվազում է, փոխարենը մեծանում է անորակ, ոչ խաղողից արտադրված կոնյակի սպիրտի նկատմամբ պահանջարկը։
Այս հարցով Քերոբյանը հիմնական քննարկումներ է ունեցել ՀՀ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Տիգրան Խաչատրյանի հետ, որոնք էլ եղել են նրա ընդդիմախոսները. նրանք պնդել են, որ սուբսիդավորման նախագիծը պետք է հաստատվի հենց այն տեսքով, ինչպիսին ներկայացվել է` առանց փոփոխությունների։
«Ես չեմ կարողանում դրան տրամաբանական բացատրություն գտնել. եթե մենք ցանկանում ենք խթանել բարձրակարգ արտադրանքի արտահանումը, ապա այդպիսի որակական ֆիլտր դնելը պարտադիր պետք է լիներ։ Այն նաև կապահովեր խաղողի պատշաճ մթերումը, որը տարեցտարի ավելի ու ավելի խնդրահարույց է դառնում»,– ընդգծեց նախկին նախարարը։
Նա վստահեցրեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ եղել է փոխվարչապետների հետ եղած տարաձայնությունների մասին և պաշտպանել է Քերոբյանի ղեկավարած գերատեսչության առաջարկը, սակայն արդյունքում այլ բան է ընդունվել։
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 27–ին ՀՀ կառավարությունը մինչև դեկտեմբերի 30–ը կոնյակի սպիրտների արտահանողներին տրամադրել է պետական աջակցություն` յուրաքանչյուր լիտրի համար 100 դրամի չափով։
Հիշեցնենք նաև` կոնյակով բեռնված տասնյակ մեքենաներ 2023 թվականի սեպտեմբերի 25-ից մի քանի օր մնացել էին Վերին Լարսի անցակետում` սպասելով փորձաքննության պատասխանի։ Հայկական կոնյակի նկատմամբ հսկողությունը սկսվել էր 2023 թ. մարտ-ապրիլից, իսկ հոկտեմբերի 1-ից Վերին Լարսի անցակետում հսկողությունն ուժեղացվել է։ Ռուսական կողմը դա պայմանավորում է նրանով, որ կոնյակի որակի հետ կապված խախտումներ կան, և ստիպված են սահմանին ավելի խիստ հսկողություն իրականացնել, որ անորակ կոնյակ չմտնի ՌԴ։