Մի քանի շաբաթ առաջ՝ ամառվա սկզբին, ամերիկացի տիեզերագնացներ 61-ամյա Բերրի Ուիլմորը և 58-ամյա Սունիտա Ուիլյամսն ուղևորվեցին միջազգային տիեզերակայան, որտեղ պիտի մնային ընդամենը 8 օր։ Ամառը մոտենում է ավարտին, իսկ նրանք դեռ ուղեծրում են, և մինչև հիմա ստույգ հայտնի չէ, թե երբ կվերադառնան։
Անգլիացի ֆանտաստ գրող Արթուր Քլարկը և ամերիկացի սկանդալային ռեժիսոր Սթենլի Կուբրիկը հաստատ կարող էին «Տիեզերական ոդիսականի» նման մի նոր ֆիլմ ստեղծել այս երկու տիեզերագնացների մասին, որոնց լրատվամիջոցներից մեկն անվանել է «միջազգային տիեզերակայանի պատանդներ»։
Ճիշտ է` ոմանք էլ նրանց համարում են «Բոինգի զոհեր»։ Չէ՞ որ ամերիկացի երկու տիեզերագնացները միջազգային տիեզերակայան են հասել հենց «Բոինգ» հայտնի ընկերության պատրաստած «Starliner» հրթիռով, որի թռիչքի ընթացքում բազմաթիվ լուրջ խափանումներ են հայտնաբերվել, որոնք խիստ վտանգավոր են դարձրել հետդարձի ճանապարհը։ Կարելի է, իհարկե, փորձել, բայց այստեղ շատ կարևոր մի քաղաքական հանգամանք կա։ Վերջնական որոշումը պետք է կայացնի Ամերիկայի ազգային տիեզերական խորհուրդը, իսկ այդ մարմնի ղեկավարը գիտե՞ք` ով է։ ԱՄՆ-ի փոխնախագահ և դեմոկրատների նախագահության թեկնածու Քամալա Հարիսը։ Երևի պատկերացնում եք, թե ինչ կլինի, եթե որոշվի տիեզերագնացներին վերադարձնել նույն «Starliner»-ով և հանկարծ այդ հրթիռի հետ մի բան պատահի։
Չեմ ուզում ենթադրել վատթարագույնը, տիեզերագնացներն այնուամենայնիվ կարող են բարեհաջող վայրէջք կատարել, բայց ընտրողների արձագանքն այն տեղեկությանը, որ Քամալա Հարիսը վտանգի է ենթարկել Ուիլմորի և Ուիլյամսի կյանքը, հաստատ խաչ կքաշի այդ կնոջ՝ նախագահ դառնալու բոլոր շանսերի վրա։
Կա մեկ այլ տարբերակ։ Օգնության համար դիմել Ռուսաստանին և խնդրել, որ այդ երկրի ղեկավարությունը «Սոյուզ» տիեզերանավն ուղարկի միջազգային տիեզերակայան ամերիկացիներին Երկիր հասցնելու համար։ Համաձայնե՛ք՝ համագործության հրաշալի, ուղղակի իդեալական օրինակ կլիներ ամբողջ մարդկության համար։ Նման դրվագները դասագրքային են դառնում՝ հզոր տերություններից մեկը դիմում է մեկ այլ հզոր տերության, և Մոսկվան պատրաստակամությամբ օգնության ձեռք է մեկնում Վաշինգտոնին։ Ցավոք, ներկա պայմաններում նման վարդագույն հեռանկարը ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է։ Իսկապես անհնար է պատկերացնել, թե ինչպես են ամերիկացիները, որոնց հրթիռներով այս օրերին հարվածներ են հասցվում Ռուսաստանի տարածքին, այդ նույն Ռուսաստանից հրթիռ խնդրում իրենց տիեզերագնացներին վերադարձնելու համար։
Այսքանից հետո երևի կհամաձայնեք, որ Բերրի Ուիլմորին և Սունիտա Ուիլյամսին կարելի է անվանել ոչ թե «Բոինգի», այլ քաղաքականության զոհեր, որոնց բոլոր հույսերն այժմ կապված են աշխարհի ամենահարուստ մարդու՝ Իլոն Մասկի, ավելի ճիշտ` նրա հիմնադրած «SpaceX» ընկերության պատրաստած «Crew Dragon» հրթիռի հետ։ Այն պետք է արձակվեր անցած կիրակի՝ օգոստոսի 18-ին, բայց թռիչքը հետաձգվել է մինչև սեպտեմբերի վերջ։ Այդ ընթացքում ՆԱՍԱ-ն հույս ունի համաձայնություն ձեռք բերել, որ «Crew Dragon»-ը, որը պետք է 4 նոր տիեզերագնաց հասցներ միջազգային տիեզերակայան, վերցնի ընդամենը երկուսին, որպեսզի հաջորդ տարվա փետրվարին, երբ հրթիռը վերադառնա, ազատված տեղերը զբաղեցնեն Ուիլմորը և Ուիլյամսը։ Այսինքն` բոլոր դեպքերում նրանք 8 օրվա փոխարեն ուղեծրում կանցկացնեն 8 ամիս։
Ի դեպ, երբ լրատվամիջոցները նրանց «տիեզերական պատանդ» են անվանում, ՆԱՍԱ-ի մասնագետները զայրանում են. «Ի՞նչ պատանդ։ Յուրաքանչյուր տիեզերագնաց երազում է ավելի շատ ժամանակ անցկացնել տիեզերքում, չէ՞ որ դա նրանց մասնագիտությունն է, նրանց հիմնական ու սիրած աշխատանքը։ Պատկերացրե՛ք, որ ձեզ գործուղման են ուղարկել Փարիզ, հետո զանգահարել ու ասել են՝ 8 օրվա փոխարեն 8 ամիս պիտի մնաք Ֆրանսիայի մայրաքաղաքում։ Դուք ձեզ պատա՞նդ կզգաք, թե՞ կմտածեք` էս ի՜նչ բախտ էր, վերջապես հնարավորություն կունենամ օրերով շրջել Լուվրի սրահներով, այցելել Մոնմարտր, որտեղ ապրել են Պիկասոն, Վան Գոգը և Մոդիլյանին, միգուցե նույնիսկ Վերսալի պալատը կտեսնեմ։
Ի դեպ, ՆԱՍԱ-ի ղեկավարությունը հավաստիացնում է, որ ո՛չ Ուիմորը և Ուիլյամսը, ո՛չ էլ միջազգային տիեզերակայանում վաղուց աշխատող մյուս ամերիկացի և ռուսաստանցի տիեզերագնացները առաջիկա ամիսներին բացարձակ ոչ մի բանի պակաս չեն զգալու։ Թթվածին կա, ջուր կա, սնունդ կա։ Այնպես որ, ինչպես հայտնի երգում է ասվում, կե՛ր, խմի՛ր, քե՛ֆ արա շարունակ։ Մանավանդ որ բառիս բուն իմաստով ողջ աշխարհն է ոտքիդ տակ։