ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. Իրանի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ ի պատասխան ՀԱՄԱՍ–ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության Իսրայելի նկատմամբ հապճեպ քայլեր չեն անի։ Այս մասին Telegram–ի իր ալիքում գրել է իրանագետ Ժաննա Վարդանյանը։
Նա ուշադրություն է հրավիրել մասնավորապես երկու պաշտոնյայի հայտարարությունների վրա։
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին, Վարդանյանի խոսքով, հայտարարել է, որ Իրանի պատասխանը պետք է 2 հստակ արդյունք ունենա` ագրեսորը պետք է պատժվեր ահաբեկչության ու Իրանի ազգային ինքնիշխանությունը խախտելու համար, երկրորդ արդյունքը պետք է լինի այն, որ ամրապնդվի Իրանի կանխարգելման կարողությունն ու սիոնիստական ռեժիմը զղջա իր արածի համար, որպեսզի կանխվի ապագայում ցանկացած ագրեսիայի կրկնություն։ Մյուս կողմից էլ, Իրավանիի խոսքով, Իրանի պատասխանը չպետք է բացասական ազդի Գազայում հնարավոր հրադադարի կնքման վրա։
Իսլամական հեղափոխության պահապանների կազմակերպության (ԻՀՊԿ) խոսնակ Ալի Մոհամմեդ Նայինին էլ նշել է, որ Իրանի ժողովուրդը խելացի է և գիտի, որ որոշումների կայացման ամենաբարձր մակարդակներում ԶՈւ հրամանատարները կշռադատում են բոլոր իրավիճակները և կայացնում ճշգրիտ որոշումներ, որոնք խախտում են հակառակորդի հաշվարկները։
«Ժամանակը մեր օգտին է և հնարավոր է՝ այս պատասխանի սպասման ժամկետը երկարի։ Այս պահին սիոնիստները ստիպված են ապրել անհանգստության մեջ»,– ասել է Նայինին։
Նա ընդգծել է նաև, որ Թեհրանի արձագանքը կարող է տարբերվել նախորդ սցենարներից, և հակառակորդը պետք է սպասի հաշվարկված, ճշգրիտ և ժամանակին արված հարվածների։
Հիշեցնենք` Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելուց անմիջապես հետո ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան և նրա թիկնապահը հրթիռի ուղիղ հարվածով սպանվել են Հանիայի` Թեհրանում գտնվող կեցավայրում։ ՀԱՄԱՍ-ը Հանիայի մահվան պատասխանատվությունը դրել է Իսրայելի և ԱՄՆ-ի վրա և հայտարարել, որ այդ հարձակումն անպատասխան չի մնա։ Իրանի նախագահն իր հերթին հայտարարել է, որ «զավթիչ ահաբեկիչները» կզղջան Հանիայի սպանության համար։