ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik․ Կոտայքի մարզում ՌԴ 22-ամյա քաղաքացու անհետ կորելու, ապա նրա դին հայտնաբերվելու դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հոդվածով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է 22-ամյա Մարկ Լարինի դին։ Մեկ օր առաջ՝ օգոստոսի 20-ին ՌԴ քաղաքացին հաղորդում էր տվել, որ նույն օրը` ժամը 10-ի սահմաններում, երկու ընկերոջ հետ գնացել են Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Հանքավան բնակավայր՝ հեծանիվ վարելու, վերադառնալիս իր ընկերներից մեկը՝ Մարկ Լարինը, Հանքավան բնակավայրից մինչև Արտավազ բնակավայր ճանապարհին կորել է։
ՔԿ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել քննիչը։ Կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ, մասնավորապես՝ դեպքի վայրի զննություն։
Դիակի արտաքին զննությամբ, նախնական տվյալներով, մարմնի վրա բռնության տեսանելի հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Դեպքի հանգամանքները պարզելու համար իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։