ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik․ Երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն ու դերասան Բեն Աֆլեքը բաժանվում են, դերասանուհին ամուսնալուծության դիմում է ներկայացրել։
TMZ–ի տվյալներով՝ Լոպեսն անձամբ է դիմել դատարան՝ չօգտվելով փաստաբանի ծառայություններից: Ընդ որում` դա արել է իրենց շքեղ հարսանիքի երկրորդ տարեդարձի օրը։
Ըստ լրատվամիջոցի՝ զույգը բաժանվել է դեռևս 2024 թվականի ապրիլի 26-ին, սակայն փաստաթղթերը հիմա են ներկայացվել։
Լոպեսն ու Աֆլեքը ամուսնական պայմանագիր չեն ունեցել՝ չնայած այն հանգամանքին, որ դա երգչուհու չորրորդ ամուսնությունն էր և դերասանի երկրորդ ամուսնությունը։ Նրանք ընդհանուր երեխաներ չունեն։ Ջենիֆեր Լոպեսը ֆինանսական աջակցության չի հավակնում։
ԶԼՄ–ի տեղեկություններով՝ ամուսինները փորձում են պայմանավորվել Բևերլի Հիլզում ընդհանուր տան վաճառքի շուրջ (այն վաճառքի է հանվել 68 մլն դոլարով): Բեն Աֆլեքը հասցրել է առանձին բնակարան գնել, իսկ Ջենիֆեր Լոպեսն իր համար տուն է փնտրում։
Հիշեցնենք` Լոպեսն և Աֆլեքը հանդիպում էին 2000-ականների սկզբին, բայց բաժանվեցին և միավորվեցին 2021 թվականին։ 2022 թվականի հուլիսի 16-ին նրանք ամուսնացան, իսկ օգոստոսի 20-ին տեղի ունեցավ հարսանեկան շքեղ արարողությունը։