Ի՞նչ իրավիճակ է ՀՀ–ում վարակիչ հիվանդությունների մասով. պարզաբանում է մասնագետը

Առողջապահության ոլորտի մասնագետների պնդմամբ` վարակիչ հիվանդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. Հայաստանում նախորդ տարվա համեմատ այս պահին վարակիչ մի շարք հիվանդությունների մասով աճ է նկատվում։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը` անդրադառնալով Հայաստանում վարակիչ հիվանդություններին։
«Նախորդ տարվա համեմատ կարմրուկի աճ է նկատվում։ 2023 թվականի ընթացքում գրանցվել էր 545 դեպք, իսկ այս տարի մինչև օգոստոսի 20–ը արձանագրվել է 547 դեպք։ Մեծ աշխատանքներ են տարվում ՀՎԿԱԿ–ի, նախարարության և այլ գործընկերների կողմից, հիշեցնում ենք նաև պատվաստումների մասին։ Նախորդ տարվա համեմատ կարմրուկի դեմ այս տարի ավելի շատ մարդ է պատվաստվել, ունենք մոտ մոտ 1.8 տոկոս իջեցում։ Այս տարի նաև կապույտ հազի բարձրացում ունենք, իսկ նախորդ նման իրավիճակը եղել է 2017-2018 թվականներին։ Գումարային` այդ ընթացքում 237 դեպք է գրանցվել, իսկ 2023 թվականին` 50, իսկ այս տարվա ընթացքում` 98 դեպք։ Ճնշող մեծամասնությունը նախադպրոցական տարիքի երեխաներն են»,– ասաց Աթոյանը։
Սուր շնչառական վարակների մասով նույնպես նա շեշտեց` այստեղ էլ նախորդ տարվա համեմատ բարձրացում է նկատվում։
Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 58 դեպք է գրանցվել. 4 բուժառուի վիճակը ծանր է
Անդրադառնալով կապիկի ծաղիկ հիվանդությանը` Աթոյանը նշեց` մեր տարածաշրջանում դրանով վարակման ռիսկը ցածր է։ Այս հիվանդության վարակը փոխանցվում է սեռական ճանապարհով, հիվանդ կենդանու մորթի, կամ դրա միսն ուտելու ժամանակ։ Այս հիվանդությունով վարակման ռիսկի գոտի են համարվում աֆրիկյան երկրները` Կոնգոն, Ուգանդան, Ռուանդան։
Այս տարի Հայաստանում քութեշ հիվանդության ակտիվացում նույնպես արձանագրվել է։ Այն բակտերիալ հիվանդություն է, վիրուսային չէ, հիմնականում հայտնաբերվում է դպրոցական տարիքի անձանց մոտ։
Աթոյանը վստահեցրեց` Հայաստանում այս հիվանդության մասով իրավիճակը կայուն է։
Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով վարակման շուրջ 20 դեպք է գրանցվել. մեկ մարդ մահացել է