ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik․ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշում է ընդունել բավարարել դատախազության բողոքն ու կասեցնել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի լիազորությունները և զրկել է նրան պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից հինգ տարի ժամկետով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ արդարադատության նախարարության խոսնակ Նորայր Շողիկյանը։
«ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայությունը Առուշանյանին հրավիրել է գրասենյակ, վերցրել հաշվառման, ներկայացրել դատական ակտ, ըստ որի` նա տուգանվել է 700 հազար ՀՀ դրամով։ Նա պետք է անցնի մեկ տարի և վեց ամիս փորձաշրջան, ինչպես նաև հինգ տարի չի կարող զբաղեցնել պետական պաշտոններ»,–ասաց Շողիկյանը։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, 2022թ․ մարտի 28-ին հրապարակել էր Առուշ Առուշանյանի և մյուսների գործով դատավճիռը, որով Առուշանյանն արդարացվել է իրեն մեղսագրվող ընտրական հանցավոր ենթադրյալ արարքների դրվագով, իսկ մյուս դրվագով մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, որին հաշվակցելով Առուշանյանի՝ ութ ամիս արգելանքի տակ գտնվելու ժամկետը, դատարանը, որպես վերջնական պատիժ, սահմանել է 6 ամիս ժամկետով ազատազրկումը, որը պայմանականորեն չի կիրառվել։
Դատարանն Առուշանյանի նկատմամբ փորձաշրջան է սահմանել 1.5 տարի ժամկետով։ Առուշանյանի նկատմամբ որպես պատիժ է կիրառվել տուգանքը, և որոշվել է 5 տարի ժամկետով սահմանափակել ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքը։