ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Արարատի ոսկու ֆաբրիկայի 26-ամյա աշխատակիցն այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 18-ին։ Ժամը 22։40-ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին է զանգել Մհեր Գ․-ն և հայտնել, որ Արարատի ոսկու ֆաբրիկայում իրենց աշխատակիցը այրվածքներ է ստացել, անհրաժեշտ է շտապօգնություն: Ժամը 23։20-ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին են զանգել «Արարատ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ «քիմիական այրվածք, 2-րդ աստիճան» ախտորոշմամբ շտապօգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։
Պարզվել է, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացին Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Խաչիկ Գ․-ն է: Ժամը 22։25-ի սահմաններում ՍՊԸ-ի տարածքում գտնվող եռման ջրով լի ցիստեռնի փականը բացելիս ջուրը լցվել է Խաչիկ Գ․-ի մարմնին։
Կայքի տեղեկություններով՝ Խաչիկ Գ․-ն աշխատում է «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ-ում որպես լաբորատորիայի հերթափոխի պետ։