ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Ամերիկացի ինժեներ և ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ պատրաստ է աշխատել ԱՄՆ կառավարությունում։
Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն ընտրություններում հաղթելու դեպքում Մասկին իր վարչակազմում պաշտոն կառաջարկի, հնարավոր է՝ խորհրդատուի:
«Ես պատրաստ եմ ծառայելու», — գրել է Մասկը X սոցցանցի իր էջում:
Գործարարը նաև մի լուսանկար է հրապարակել, որում նա կանգնած է «Կառավարության արդյունավետության դեպարտամենտ» մակագրությամբ ամբիոնի հետևում։
Այս մտացածին գերատեսչության հապավումն անգլերենով հնչում է «DOGE», որը ժպտացող շան պատկերով հայտնի ինտերնետային մեմին կատարվող հղում է:
Ավելի վաղ Մասկը X սոցիալական ցանցի «Spaces» հարթակում հարցազրույց էր անցկացրել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, իսկ հուլիսին նույն սոցցանցի իր էջում աջակցություն է հայտնել Թրամփին նախագահական մրցավազքում:
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին: Հանրապետական կուսակցության պաշտոնական թեկնածուն Դոնալդ Թրամփն է։ Դեմոկրատական կուսակցությունից մրցապայքարին կմասնակցի գործող փոխնախագահ Քամալա Հարիսը, եթե նրա թեկնածությունը պաշտոնական հաստատում ստանա կուսակցության՝ Չիկագոյում կայանալիք համաժողովում: