ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Տիգրան Հեքեքյանը Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնից ազատվել է իր դիրքորոշումների ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ քայլերի պատճառով: Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Օգոստոսի 18-ին տեղեկացրել էինք, որ Հեքեքյանը պաշտոնից ազատվել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ օգոստոսի 14-ի որոշմամբ։
«Ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես այդքան արագ և հեշտ չեմ հանձնվում»,– թերթի հետ զրույցում ասել է Հեքեյանը։
Նա հստակ չի նշել աշխատանքից ազատվելու պատճառները, բայց ասել է, որ դրանք շատ են և տարբեր։ Վստահեցրել է, որ շարունակելու է իր գործունեությունը, աշխատելու է «Հայաստանի փոքրիկ երգիչների» հետ։
Երաժշտական դպրոցի նախկին տնօրենը հավելել է, որ աշխատանքից դուրս է եկել իր իսկ դիմումի համաձայն` նախապես դիմում է գրել, որ իր աշխատանքային վերջին օրը լինի օգոստոսի 14-ը։ Հարցին՝ արդյոք իր անձի նկատմամբ ճնշումներ եղել են, պատասխանել է, որ իր նկատմամբ շատ են ճնշումները, բայց դրանք չեն կարող ստիպել անել այն, ինչ ինքը չի ցանկանում։