ՀՀ ԱԳՆ–ն պատասխանել է Սերգեյ Լավրովի հայտարարությանը

Գերատեսչությունից ընդգծել են, որ ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը լայն ճանաչում ունի միջազգային հանրության շրջանում, այն մի քանի անգամ ներկայացվել է նաև ՌԴ ներկայացուցիչներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. Հրապարակային փաստաթղթերից դուրս՝ Հայաստանը որևէ այլ պայմանավորվածության մաս չի կազմում, հետևաբար չի կարող սաբոտաժի ենթարկել դրանք։ ՀՀ ԱԳՆ–ն արձագանքել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երեկվա հայտարարությանը։
Նշենք, որ Լավրովը երեկ «Առաջին ալիքին» տված հարցազրույցում ասել էր, որ ցավոք, Հայաստանի Սյունիքի տարածքով հաղորդակցվելու հարցում հենց հայկական ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում այն պայմանավորվածությունը, որի տակ դրված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը:
«ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի երեկվա հայտարարությունը ոչ միայն զուտ ափսոսանք է առաջացնում, այլև կասկածի տակ է դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Ռուսաստանի Դաշնության կառուցողական ներգրավվածությունը»,–ասված է ԱԳՆ–ի տարածած հայտարարության մեջ:
Գերատեսչությունից ընդգծել են, որ ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն արդեն իսկ լայն ճանաչում ունի միջազգային հանրության շրջանում, այն մի քանի անգամ ներկայացվել է նաև ՌԴ ներկայացուցիչներին։
«Վերահաստատում ենք, որ դրա շրջանակներում տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը հնարավոր է բառացիորեն ամեն պահի։ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը դրական արձագանքի է արժանացել մի շարք միջազգային գործընկերների կողմից»,–ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը բազմիցս վերահաստատել և հիմա էլ վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին և իր բաժին աշխատանքը կկատարի այդ օրակարգը բարեհաջող իրացնելու համար։