ՀԱՊԿ–ի շրջանակում Հայաստանի նկատմամբ պարտավորությունները չեն փոփոխվել. ՌԴ ԱԳՆ

ՀԱՊԿ երկրների դրոշներ
Հայաստանի իշխանություններն արդեն տևական ժամանակ է՝ չեն մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. ՀԱՊԿ–ի շրջանակում Հայաստանի նկատմամբ պարտավորությունները չեն փոփոխվել, բացի ՀԱՊԿ–ից և Ռուսաստանից, ՀՀ–ի համար կայունության այլընտրանքային երաշխավորներ չկան։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«Ինչ վերաբերում է Հայաստանի մասնակցությանը ՀԱՊԿ-ի ընդհանուր աշխատանքին, ապա այժմ Երևանում գերակշռում է փոխգործակցությունից հեռանալու դիրքորոշումը, որը, ինչպես տեսնում ենք, հակասում է Հայաստանի ժողովրդի շահերին, էապես թուլացնում է ազգային անվտանգությունը։ Կազմակերպության շրջանակում փոխադարձ պարտավորությունները մնում են անփոփոխ»,– նշել է նա։
Աղասանդյանի խոսքով` այս փուլում դռները բաց են ՀԱՊԿ–ում լիարժեք համագործակցելու համար։
«Ակնկալում ենք, որ հայ գործընկերները, հաղթահարելով կասկածները, կրկին կցուցաբերեն համատեղ աշխատանքի հանձնառություն՝ ի շահ բարեկամ հայ ժողովրդի ռազմավարական շահերի»,– հավելել է նա։
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը: