ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Հայաստանը անվտանգության ապահովման հետ կապված լուրջ խնդիր ունի։ Այս մասին այսօր դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
Նա նշեց, որ ինքը թե՛ ընդդիմությանը, թե՛ իշխանությանն ասել է, որ կարող է խնդրի լուծմանը մասնակցել, բայց ոչ քաղաքական նպատակներով։
Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ նա միանա ընդդիմությանը, նախկին նախարարը պատասխանեց․
«Ես այդքան անլուրջ անձնավորության տպավորություն եմ ստեղծո՞ւմ։ Ես դեռևս ցանկություն չունեմ քաղաքականությամբ զբաղվելու։ Խոսքը իշխանության համար պայքարի մասին է, թե չէ անվտանգային քաղաքականությամբ ես արդեն 30 տարի է` զբաղվում եմ»։
Անդրադառնալով հրթիռների անպիտան լինելուն՝ Դավիթ Տոնոյանը հույս հայտնեց, որ դրանց ստուգման համար նոր փորձաքննություն կնշանակվի․
«Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ թե՛ գնման պահին, թե՛ գնումից շատ հետո և թե՛այսօր այդ հրթիռները կիրառման համար պիտանի են»,– ասաց նա։
Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
Ստեփան Գալստյանը 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց 2023 թվականի դեկտեմբերին, իսկ Դավիթ Տոնոյանը 15 մլն դրամ գրավի դիմաց` օգոստոսի 15–ին։