ԵԱՏՄ–ում հաշվարկների շուրջ 90%–ն իրականացվում է ազգային արժույթներով. Աղասանդյան

Միքայել Աղասանդյան
Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտնել են, թե ինչ փուլում է գտնվում տարբեր երկրների հետ ազատ առևտրի մասին համաձայնագրերի կնքումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. ԵԱՏՄ-ում հաշվարկների շուրջ 90%-ն իրականացվում է ազգային արժույթներով։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը:
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ անդամները գիտակցում են, որ անհրաժեշտ է նվազեցնել քաղաքական ճնշման միջոց դարձող արևմտյան ֆինանսական գործիքների օգտագործման ռիսկերը։
Աղասանդյանն անդրադարձել է նաև Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Մոնղոլիայի և ԱՄԷ-ի հետ ԵԱՏՄ համաձայնագրերին: Ռուսաստանը հույս ունի, որ ԵԱՏՄ-ի և Հնդկաստանի միջև ազատ առևտրի շուրջ բանակցությունների առաջին փուլը տեղի կունենա տեսանելի ապագայում:
Ազատ առևտրի գոտու մասին ԵԱՏՄ համաձայնագրերը մշակման բարձր փուլում են. Ալիխանով
Հուլիսին Ռուսաստանի և Հնդկաստանի ղեկավարները համատեղ հայտարարության մեջ ընդգծել էին, որ երկրները կշարունակեն ապրանքափոխանակության ազատականացման, ներառյալ ԵԱՏՄ-Հնդկաստան ազատ առևտրի գոտու ձևավորման հնարավորության շուրջ երկխոսությունը: Այդ ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հանձնարարել էին աշխատել ԵԱՏՄ–ի և Հնդկաստանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։
Բացի այդ, Արաբական Միացյալ Էմիրություններն ու ԵԱՏՄ-ն ինտենսիվ աշխատանք են տանում ազատ առևտրի գոտու մասին ապագա համաձայնագրի ուղղությամբ։ Մոսկվան հույս ունի, որ ընթացիկ տարվա սեպտեմբերին կայանալիք խորհրդակցություններին կողմերը կկարողանան ավելի մոտեցնել դիրքորոշումները։
Մոնղոլիայի հետ ազատ առևտրի մասին ԵԱՏՄ ժամանակավոր առևտրային համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել մինչև տարեվերջ:
Իսկ ահա Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ԵԱՏՄ բանակցությունները վերջնական փուլում են։ Աղասանդյանը նշել է, որ ավարտվում է փաստաթղթի տեքստի վրա աշխատանքը։
ՌԴ–ն հուսով է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից չի հրաժարվի ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատճառով. Միքայել Աղասանդյան