Այս տարի կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 1003 քրեական վարույթ

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով իրականացված մինչդատական վարույթի ընթացքում պատճառված գույքային վնասը, նախնական հաշվարկներով, կազմել է 7.446.326.000 ՀՀ դրամ, որից նախաքննության ընթացքում վերականգնվել է 675.420.000 դրամը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեում 2024թ. առաջին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 1003 քրեական վարույթ, որը 46-ով կամ 4,3%-ով քիչ է 2023թվականի առաջին կիսամյակի համեմատ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշված 1.003 քրեական վարույթից 32-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 60 անձի վերաբերյալ ուղարկվել դատարան, 132-ը կարճվել է, որից 104-ը՝ ռեաբիլիտացնող, իսկ 28-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքերով։ 90 վարույթով ավարտվել են վարութային գործողությունները, 112-ն ուղարկվել է այլ մարմին, 37 վարույթ միացվել է, իսկ 600 վարույթ փոխանցվել է 2024թ. 2-րդ կիսամյակ:
Ձերբակալությունները դաս կլինե՞ն մյուսների համար. փորձագետը` «հայկական» կոռուպցիայի մասին
Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով իրականացված մինչդատական վարույթի ընթացքում պատճառված գույքային վնասը, նախնական հաշվարկներով, կազմել է 7.446.326.000 ՀՀ դրամ, որից նախաքննության ընթացքում վերականգնվել է 675.420.000 դրամը։
«Վերականգնվածից 657.630.000 դրամը եղել է պետությանը պատճառված վնասը, 9.798.000 դրամը՝ համայնքներին, 4.000.000 ՀՀ դրամը՝ իրավաբանական, իսկ 3.992.000 ՀՀ դրամը՝ ֆիզիկական անձանց պատճառված վնասը»,–նշված է հաղորդագրության մեջ։
2024թ. առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործություններով վնասի վերականգնման ցուցանիշը ավելի քան 4 անգամ գերազանցում է 2023 թվականի նույն ժամանակահատվածի արդյունքները (156.126.000 ՀՀ դրամ)։
Կոմիտեից նշում են, որ քրեական վարույթներով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ պատճառված վնասի մնացած մասի վերականգնումը ևս ապահովելու ուղղությամբ։
«Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել». Փաշինյան