Շինհրապարակներում փոշեպաշտպանիչ ցանցերի մասով աշխատել է պետք. Ավինյանը հանձնարարական տվեց

Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետի կարծիքով` հարցը պետք է անպայման մտցնել ավագանու որոշման մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Երևանում շինարարական հրապարակներն անհրաժեշտ է գրագետ ձևով կահավորել, փոշեպաշտպանիչ ցանցերի մասով էլ` ավելի լավ աշխատել։ Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս հայտարարությունն արեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Խորհրդակցության ժամանակ նշվեց, որ շինհրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման դեպքերով 101 արձանագրություն է կազմվել։
«Նոր հանձնարարական է պետք գրանցել։ Խնդրում եմ աշխատել շինհրապարակների կահավորման պայմանների վրա, մասնավորապես փոշեպաշտպանիչ ցանցերի ուղղությամբ։ Պետք է ավելի մանրամասն մշակվի ամեն ինչ։ Շինարարական կազմակերպությունները փոշեպաշտպանիչ ցանցերի կահավորումը շատ տարբեր ձևերով են կազմակերպում։ Եվրոպական երկրներում մետաղյա կարկաս է հավաքվում, ինչի վրա էլ հենց ամրացվում են այդ ցանցերը»,– նշեց Ավինյանը։
Նրա կարծիքով` այդ հարցը պետք է անպայման մտցնել ավագանու որոշման մեջ։
2 շաբաթում Երևանում հանրային տրանսպորտի մասնակցությամբ 87 ՃՏՊ է տեղի ունեցել
Երևանի քաղաքապետը շեշտեց` պետք է տուգանքների չափն էլ վերանայել, մասնավորապես տվյալ խախտումների դեպքերի համար։
Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ներկայացուցիչը վիճակագրական տվյալներ ներկայացրեց, թե վերջին 2 շաբաթում քաղաքաշինական ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքում ինչ է արվել։ Նա տեղեկացրեց, որ ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումների դեպքերով կազմվել է 80 արձանագրություն։ Նախորդ ժամանակահատվածի հետ համեմատ արձանագրությունների թիվն ավելացել է 4-ով։
Հողօգտագործման ոլորտում սահմանված պայմանների խախտման դեպքերով կազմվել է 18 արձանագրություն։
Շինություններն առանց շահագործման թույլտվության ձևակերպման շահագործելու դեպքերով կազմվել է ընդհանուր 13 արձանագրություն, նախորդ ժամանակահատվածի համեմատ այս թիվն ավելացել է 5-ով։
Անսարք աղբատարներից 4-ն արդեն շահագործվում են, բայց վարորդների խնդիրը մնում է. Կատվալյան