ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին առաջիկայում կայցելի Կուրսկի ատոմակայան։ Տեղեկությունը հայտնում է Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։
«ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին առանց հապաղելու արձագանքել է ռուսական հրավերին, այն է` այցելել Կուրսկի ԱԷԿ, որի անվտանգությունը սպառնալիքի տակ է հայտնվել ուկրաինական կողմի անխոհեմ և սադրիչ գործողությունների հետևանքով: Գործակալության վերջին տեղեկատվական ամփոփագրում հաստատվել է, որ Գրոսին պատրաստ է այցելել Կուրսկի ատոմակայան իրավիճակը գնահատելու համար: Կարծում եմ, որ հաշվի առնելով տագնապալի հանգամանքները` դա կարող է տեղի ունենալ շատ շուտով», - գրել է Ուլյանովը Telegram–ում։
Հիշեցնենք` «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը օգոստոսի 17-ին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Գրոսիի հետ հեռախոսազրույցում ուշադրություն էր հրավիրել Զապորոժիեի և Կուրսկի ԱԷԿ-ների անվտանգության վատթարացող իրավիճակի վրա: ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարին էր փոխանցվել Կուրսկի ատոմակայան և Կուրչատով քաղաք այցելելու հրավերը:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։