ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալությունը, որը զբաղվում է պաղեստինցի փախստականների օգնությամբ, կորցրել է կապը Գազայում գտնվող իր շատ աշխատակիցների հետ։ Նրանց շարքերում զոհերի թիվն արդեն գերազանցում է 205-ը։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման` ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալությունը:
«Մենք չգիտենք, թե մեր աշխատակիցներից քանիսն են անհետ կորել, քանի որ անհնար է կապ հաստատել նրանցից յուրաքանչյուրի հետ։ Մենք Գազայում ունենք ավելի քան 13 հազար աշխատակից, և կապը շատ սահմանափակ է։ Մեր աշխատակիցներից շատերը չեն կարող աշխատել այն պատճառով, որ բոլոր դպրոցները փակ են հոկտեմբերի 7 – ից (2023–ի) կամ էլ այն պատճառով, որ ստիպված են հենց իրենց երեխաների մասին հոգ տանել»,– ասել է նա։
Գազայի հատվածում հակամարտության ընթացքում ՄԱԿ-ի աշխատակիցների կորուստներն ամենախոշորն են 1945թ.կազմակերպության ստեղծումից ի վեր, նրանցից ավելի քան 205-ը սպանվել են:
Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբային հրթիռային հարձակման է ենթարկվել։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մարտիկները ներխուժել են սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա և ավելի քան 200 պատանդ էին վերցրել:
Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսել է «Երկաթե թրեր» գործողությունը, որը ներառում է հարվածներ քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ: Իսրայելը հայտարարել է անկլավի ամբողջական շրջափակման մասին, դադարեցվել են ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: