Կա Փաշինյանի ստորագրությունը տարածաշրջանում կոմունիկացիաների բացման մասին. Լավրով

ՌԴ ԱԳ նախարարը կարծում է, որ եռակողմ հանդիպումների և փաստաթղթերի շրջանակներում դրված հիմքը լիովին պահպանում է իր արդիականությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանը հանդես է գալիս խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման և հաղորդակցությունների ապաշրջափակման օգտին։ «Առաջին ալիքին» տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը։ Ցավոք, Հայաստանի Սյունիքի տարածքով հաղորդակցվելու հարցում հենց հայկական ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում այն պայմանավորվածությունը, որի տակ դրված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը: Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը», - ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ եռակողմ հանդիպումների և փաստաթղթերի շրջանակներում դրված հիմքը լիովին պահպանում է իր արդիականությունը:
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, ապա, ըստ Լավրովի, այստեղ էլ գլխավորը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020-2022 թվականներին ձեռք բերած եռակողմ պայմանավորվածությունների շարքի ոգուն և տառին հետևելն է: Դրանք, նրա խոսքով, ընդգրկում են իրավիճակի բոլոր կողմերը, ինչպես նաև այն հարցերը, որոնք պետք է լուծվեն` այն վերջնականապես և ամբողջությամբ կարգավորելու համար:
Համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի՝ «ապաշրջափակվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»։
Կլինի միջանցք՝ առանց «միջանցք» բառի. փորձագետը` հաղորդակցությունների ապաշրջափակման մասին
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները կողմ են արտահայտվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացմանը՝ առաջնորդվելով ինքնիշխանության, իրավասության, հավասարության և փոխադարձության սկզբունքներով: Ադրբեջանական կողմից ևս նման մոտեցման դեմ առարկություններ չեն եղել։ Այս հարցը մանրամասն դիտարկվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների մասնակցությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, սակայն հայկական կողմի դիրքորոշման պատճառով ներկայում գործընթացը «կանգ է առել»։
Մինչ այդ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանը չի ցանկանում Ադրբեջանից Նախիջևան տանող ճանապարհին՝ Սյունիքում, ռուսական սահմանապահներ տեղակայել: