ՀՀ-ում վավեր կացության իրավունքով մոտ 40 000 ՌԴ քաղաքացի է բնակվում

Զբոսաշրջիկները Երևանում. Արխիվային լուսանկար
2024 թվականի առաջին կիսամյակում 31 924 Հնդկաստանի քաղաքացի ստացել է մուտքի վիզա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. ՀՀ-ում օրինական բնակության կամ վավեր կացության իրավունքով մոտ 40 000 ՌԴ քաղաքացի է բնակվում։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում ասել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը։
Նա նշել է, որ 2023 թ–ին ՌԴ քաղաքացիների մուտքերը ելքերից մոտ 23.000–ով ավելի են եղել, այս տարի այդ թիվը կրճատվել է մինչև 4600–ի։
«ՌԴ քաղաքացիների թվի ավելացումը ՀՀ–ում սկսել է 2022 թվականին՝ պայմանավորված ռուս-ուկրաինական հակամարտությամբ։ Այդ շարժը շարունակվում է մինչև այսօր։ Բայց 2023 թ–ի սեպտեմբերի 19-ի ԼՂ–ի հետ կապված հայտնի իրադարձություններից հետո, ՌԴ քաղաքացիների փոքր-ինչ արտահոսք նկատվեց»,– ասաց նա։
Ըստ միգրանտների քանակի` երկրորդ տեղում Հնդկաստանի քաղաքացիներն են։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով` Հնդկաստանի քաղաքացիներին 2023 թվականին տրամադրվել է 29 815 մուտքի վիզա, իսկ 2024 թվականի առաջին կիսամյակին` 31 924։
2024-ի առաջին կիսամյակի ընթացքում Հնդկաստանի քաղաքացիներին տրամադրվել է 858 կացության կարգավիճակ։
Ինչ վերաբերում է կացության կարգավիճակներին, ապա այստեղ թվերը նվազել են, քանի որ շատացել են օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու հետ կապված մերժումները։
ՀՀ քաղաքացիների՝ ելքի ուղղությամբ սահմանահատումների պատկերը այլ է․ 2023-ի առաջին կիսամյակի տվյալներով Հայաստանից մեկնել է 26 հազար քաղաքացի, 2024-ի առաջին կիսամյակի տվյալներով այս թիվը 23 հազար է։