«Չի համապատասխանում իրականությանը». ՀՀ ՊՆ–ն կրկին հերքում է Ադրբեջանի տարածած լուրը

ՊՆ
Գերատեսչությունը կրկին հիշեցրել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու առաջարկի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Հայկական կողմը չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Այս հայտարարությունը տարածել է ՀՀ պաշտպանության նախարարությունը` հերթական անգամ հերքելով Ադրբեջանի տարածած լուրը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 18-ին՝ ժամը 23։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,– ասված է ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։
Գերատեսչությունը կրկին հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ:
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը հունիսի 22-ին հայտարարեց, որ Բաքվին առաջարկվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծել։
Գործադիր մարմինն այդ առաջարկի մասին հիշեցրեց մեկ ամիս անց` հուլիսի 22-ին։