ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Հարավային Կովկասի ամուր խաղաղությունն ու կայունությունը լիովին համապատասխանում են տարածաշրջանի բոլոր երկրների և ժողովուրդների արմատական շահերին: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ադրբեջանցի գործընկերոջ` Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո։
Ռուսաստանի առաջնորդը վստահեցրել է, որ իր երկիրն այսուհետ ևս ամեն կերպ կնպաստի հայ-ադրբեջանական փոխգործակցության կարգավորմանը և հայտնի եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա խաղաղության պայմանագրի կնքմանը։
«Մենք նաև պատրաստ ենք աջակցել և՛ սահմանազատմանը, և՛ սահմանագծմանը։ Նկատի ունեմ դեռևս Խորհրդային Միության ժամանակներից մեզ մոտ համապատասխան փաստաթղթերի առկայությունը, անդրսահմանային երթուղիների ապաշրջափակումը, հումանիտար շփումների հաստատումը», - ամփոփել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահի հետ համատեղ հայտարարության շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ կողմերը մանրամասն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերը: Նա նշել է, որ 2023 թվականի սեպտեմբերից հետո տարածաշրջանում բոլորովին նոր իրավիճակ է ստեղծվել։
Ալիևը միաժամանակ նշել է, որ Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը մեծապես կախված է Ռուսաստանի հետ Ադրբեջանի սերտ փոխգործակցությունից:
Երկու երկրների ղեկավարների բանակցությունների արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որում կոչ է հնչում զարգացնել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի՝ որպես փոխգործակցության արդյունավետ մեխանիզմի ներուժը։
Հիշեցնենք` Պուտինը 2-օրյա պետական այցով Բաքու է մեկնել օգոստոսի 18-ին։