ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. «Հետք» պարբերականը հրապարակել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և մի խումբ այլ նախկին պաշտոնյաների ցուցմունքները, որոնք վերաբերում են Ծաղկաձորի անտառներն ապօրինի սեփականաշնորհելու գործին։
«Հետքը» պարզել էր, որ Հովիկ Աբրահամյանը, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը և մի խումբ այլ պաշտոնյաներ Հրազդան համայնքում 2006–2007 թթ․ ապօրինի տիրացել են ավելի քան 50 հեկտար անտառապատ հողերի։
Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել, որը հետագայում կարճվեց վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։
Հարցաքննության ընթացքում Հովիկ Աբրահամյանին ուղղված հարցերից մեկը վերաբերել է 2006 թ. ապրիլի իրադարձություններին` աշխատելով ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնում` նա Կոտայքի մարզի Հրազդան համայնքում գտնվող հողերի կատեգորիայի փոխման հանձնարարականներ տվե՞լ է, թե՞ ոչ, եթե այո, ապա ո՞ր գերատեսչություններին:
Ի պատասխան Աբրահամյանն ասել է, որ չի հիշում։ «Ես նման բան չեմ հիշում, սակայն չեմ բացառում, որ իմ լիազորությունների սահմաններում կամ ստացված հանձնարարականները ուղարկեմ տարածքային մարմիններին ի կատարման»,– ասել է նա։
Քննիչը նշել է, որ հողերի կատեգորիան փոխելու մասին ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխվել է Հրազդան համայնքում առկա 50.48 հա մակերեսով անտառածածկ հողատարածք` փոխադրելով այն գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա: Այդ որոշման նպատակը եղել է մարզի տարածքում գտնվող պետական անտառային ֆոնդի անտառազուրկ տարածքներն օգտագործել առողջարարական կամ հանգստի կազմակերպման համար։
Աբրահամյանն ասել է, որ նշված իրադարձություններից անցել է արդեն շուրջ 12–13 տարի, և, բնականաբար, չի կարող դրա վերաբերյալ որևէ կոնկրետ բան հիշել։
«Այդ որոշումը նմանատիպ բազմաթիվ նախաձեռնություններից մեկն է եղել: Բնականաբար, նախագահականից իջեցված հանձնարարականը ես մեխանիկորեն պետք է փոխանցեի պատկան մարմիններին, թե դրանից հետո իրավասու մարմինները ինչ սխեմաներ են կազմել, ինչ առաջարկություններ են կատարել, ես չեմ կարող ասել»,– նշել է Աբրահամյանը։
Արդյոք նա որևէ անձնական շահագրգռվածություն ունեցե՞լ է Հրազդան համայնքի վերը նշված վիճահարույց անտառային ֆոնդի անտառածածկ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու հարցում, թե՞ ոչ, Աբրահամյանը միանշանակ պատասխան է տվել` ոչ:
Իսկ արդյոք այդ հողատարածքներից որևէ մասի նկատմամբ սեփականության իրավունք կամ բաժնեմաս նա ունեցե՞լ է։ Աբրահամյանը միանշանակ պնդել է, որ ոչ:
«Հետքը» ներկայացրել է նաև Հովիկ Աբրահամյանի անվտանգությունը ապահովող աշխատակից Բագրատունի Բարսեղյանի ցուցմունքը։ Ըստ պարբերականի հրապարակման` այն հողատարածքները, որոնք նա ձեռք է բերել, իրականում պատկանել են Հովիկ Աբրահամյանին։ Քննիչի հարցերին նա պատասխանել է խուսափողական, առանց մանրամասներ նշելու` ասելով, որ բավականին երկար ժամանակ է անցել, ոչինչ չի հիշում։
Ի դեպ, քրեական գործի կարճումից հետո ՀՀ դատախազությունն ու Հրազդան համայնքը դատարան են դիմել անտառապատ հողերը պետությանը և համայնքին վերադարձնելու համար՝ դատախազությունը` պետական սեփականություն համարված հողերի մասով, համայնքը՝ համայնքային սեփականություն համարված հողերի մասով։ Դատախազությանը հաջողվել է որոշ հողեր վերադարձրել պետությանը, բազմաթիվ հայցեր քննության փուլում են։