ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցույթում որևէ հաղթողի դեռևս չի տրամադրվել համապատասխան դրամական խրախուսում, քանի որ ընթանում է ուսումնասիրություն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունից։
««ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի այս տարվա մրցաշարի մասնակցության վերաբերյալ ստացվել է բանավոր բողոք, որի շուրջ ներկայում ընթանում է ուսումնասիրություն, և առաջիկայում արդյունքների մասին հանրությանը կտեղեկացվի»,–հայտնեցին նախարարությունից։
Հիշեցնենք, որ օգոստոսի 17–ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի՝ (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում անցկացվում էր «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը։ Մրցաշարն անցկացվում էր 2 տարիքային խմբերով։
Դրամական մրցանակները նախատեսված էին երկու տարիքային խմբերի 1-10-րդ տեղեր գրաված մասնակիցների համար։ 1-ին տեղի համար նախատեսված էր 1.000.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղի համար` 500.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղի համար՝ 300.000 ՀՀ դրամ, 4-րդի համար՝ 100.000 ՀՀ դրամ և 5-10-րդ տեղերի համար՝ 50.000 ՀՀ դրամ: