Արցախի կորստով մարտահրավերները Սյունիքի մարզի համար ավելացել են. Կապանի քաղաքապետ

Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը. Արխիվային լուսանկար
Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» թեմային` Գևորգ Փարսյանը նշեց, որ շատ բան չի կարող ասել, իշխանությունները պետք է որոշեն, բայց իրենց համար անընդունելի է ցանկացած արտատարածքային միավոր Սյունիքի մարզում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. Արցախի կորստով մարտահրավերները Սյունիքի մարզի համար ավելացել են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։
«Արցախ-Սյունիք համագործակցությունը գալիս է դարերի խորքից, դա պատմական փաստ է։ Ինչպես Սյունիքն է եղել Արցախի թիկունքը, այնպես էլ Արցախն է եղել Սյունիքի թիկունքը։ Այսօր Արցախի կորստով մարտահրավերները, կարծում եմ, Սյունիքի մարզի համար ավելացել են»,–ասաց նա։
Նրա խոսքով` Կապանի կենտրոնից տեսանելի են Ադրբեջանի դրոշները դեռևս 2020 թվականի դեկտեմբերի 18-ի հայտնի դեպքերից հետո, երբ հայկական կողմը զիջեց ստրատեգիական բարձունքները, որոնք զբաղեցրել էր Կապանի ինքնապաշտպանության ժամանակ։
«Դրանից հետո ադրբեջանական զորքերը հայտնվեցին մեր բնակավայրերի անմիջապես հարևանությամբ»,–ասաց Փարսյանը։
Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» թեմային` քաղաքապետը նշեց, որ շատ բան չի կարող ասել, իշխանությունները պետք է որոշեն, բայց իրենց համար անընդունելի է ցանկացած արտատարածքային միավոր Սյունիքի մարզում։