ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը ՌԴ Կուրսկի մարզի վրա կավարտվի Զելենսկու ռեժիմի ջախջախմամբ և ԱՄՆ-ի ռազմավարական պարտությամբ, հայտարարել է ԿԺԴՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
«Կուրսկի մարզում ներկայիս կատաղի մարտերը կդառնան Զելենսկու խամաճիկային հանցախմբի լիակատար ջախջախման և ԱՄՆ-ի ու Արևմուտքի ռազմավարական պարտության նախերգանքը», - Ռյոնհապ գործակալությունը մեջբերում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության հայտարարության տեքստը:
Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ում նշել են, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները, Ուկրաինային աստղաբաշխական գումարով մահացու զենք մատակարարելով և նրա ձեռքերով պատերազմ մղելով Ռուսաստանի հետ, անվտանգության ոլորտում գլոբալ մթնոլորտը տանում են երրորդ համաշխարհային պատերազմի: Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ից ընդգծել են, որ սադրիչները արժանի պատասխան կստանան, իսկ ԿԺԴՀ-ն միշտ կաջակցի Ռուսաստանին իր ինքնիշխանության պաշտպանության գործում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին՝ ժամը 5:30-ին, Ուկրաինայի զինված ուժերի մինչև հազար հոգանոց ստորաբաժանումներն անցել են հարձակման՝ Կուրսկի մարզում տարածք գրավելու նպատակով: Նրանց առաջխաղացումը դեպի ՌԴ տարածքի խորքը դադարեցվել է։ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետն ընդգծել է, որ Կուրսկի մարզում գործողությունն ավարտվելու է հակառակորդի ջախջախմամբ և պետական սահման դուրս գալով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Կուրսկի մարզում տիրող իրավիճակը, հայտարարել է, որ Կիևի ռեժիմը հերթական լայնածավալ սադրանքն է ձեռնարկել, անկանոն կրակոցներ է արձակում, այդ թվում՝ քաղաքացիական թիրախների ուղղությամբ: