ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի - Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդ պահվող իսրայելցիներին հնարավոր է վերադարձնել միայն ռազմական և քաղաքական ճնշման միջոցով: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ուժեղ ռազմական և քաղաքական ճնշումը մեր պատանդներին ազատելու ճանապարհն է»,– ասվում է Իսրայելի վարչապետի հայտարարության մեջ:
Նեթանյահուն ընդգծել է, որ Գազայի հատվածում հակամարտության շուտափույթ ավարտի համար արտաքին ճնշումը պետք է գործադրել հենց ՀԱՄԱՍ-ի, այլ ոչ թե Իսրայելի կառավարության վրա:
Նա նաև նշել է, որ իր երկիրը մտադիր չէ զիջումների գնալ մի շարք հարցերում։
Վարչապետի խոսքով՝ Իսրայելը պատրաստ է ցանկացած սպառնալիքի և լի է պաշտպանվելու վճռականությամբ:
Նշենք, որ օգոստոսի 15-16-ը Դոհայում բանակցություններ էին ընթանում Գազայի հատվածում կրակի դադարեցման շուրջ՝ Կատարի, Եգիպտոսի, ԱՄՆ-ի և Իսրայելի մասնակցությամբ: ՀԱՄԱՍ շարժման ղեկավարությունը հրաժարվել է մասնակցել բանակցություններին՝ հրադադարի պայմանների վերաբերյալ հստակության բացակայության պատճառով։