Պայթյուն Լիբանանի հարավում. ՄԱԿ-ի 3 խաղաղապահ է վիրավորվել

ՄԱԿ խաղաղապահները Լիբանանում. Արխիվային լուսանկար
Միջադեպը տեղի է ունեցել Յարին գյուղի մոտակայքում։ Կատարվում է հետաքննություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. ՄԱԿ-ի երեք խաղաղապահներ թեթև վնասվածքներ են ստացել Լիբանանի հարավում իրենց ավտոմեքենայի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով խաղաղապահ ուժերի (UNIFIL) հայտարարությունը։
«Այսօր պարեկային ծառայությունից երեք խաղաղապահ թեթև վնասվածքներ են ստացել, երբ պայթյուն է տեղի ունեցել Լիբանանի հարավում՝ Յարինի մերձակայքում, ՄԱԿ-ի հատուկ տարբերանշանով ավտոմեքենայի մոտ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ պարեկային ծառայություն իրականացնող բոլոր խաղաղապահները բարեհաջող վերադարձել են իրենց բազա, ընթանում է միջադեպի հետաքննություն:
Լիբանանի և Իսրայելի միջև հակամարտությունը հատկապես սրվել է այն բանից հետո, երբ իսրայելական բանակը հուլիսի 30-ին հարվածել է Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Հարեթ Հրեյք թաղամասում գտնվող բնակելի շենքին, որի հետևանքով ամբողջությամբ ավերվել է բնակելի տունը: Զոհվել է յոթ մարդ, այդ թվում ՝ «Հեզբոլլահ» շարժման բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրը:
Ավելի ուշ շիաների դիմադրության առաջնորդ Հասան Նասրալլան հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները «անցել են բոլոր կարմիր գծերը», և նման հարձակումը պատասխանը կստանա մոտ ժամանակներս: Թել Ավիվում իրենց հերթին զգուշացրել են, որ Իսրայելի դեմ ագրեսիայի ցանկացած գործողություն կարող է հանգեցնել Լիբանանի համար մասշտաբային ավերիչ հետևանքների: