ՀՀ ՊՆ–ն հերքում է. մեր ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողի տարածած հաղորդագրությունը` մեր ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 18-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–ասված է պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից հիշեցնում են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել:
Հավելենք, որ օգոստոսի 15–ի երեկոյան և օգոստոսի 16–ի առավոտյան ադրբեջանական կողմը կրկին նմանօրինակ ապատեղեկատվություններ էր տարածել, որոնք հերքել էր ՀՀ ՊՆ–ն։