Աբբաս Արաղչին պաշտոնապես հաստատվել է Իրանի ԱԳ նախարարի պաշտոնում. ինչով է նա հայտնի

Աբաս Արաղչին. Արխիվային լուսանկար
Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ Արաղչին վարում էր ակտիվ մաքոքային դիվանագիտություն՝ մարտական գործողություններին վերջ տալու նպատակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի - Sputnik. Իրանի ԱԳՆ նոր ղեկավար է դարձել Աբաս Արաղչին, նրա թեկնածությունը հաստատել է երկրի խորհրդարանը: Մասուդ Փեզեշքիանի՝ նախագահ ընտրվելուց հետո Արաղչին նրա խորհրդականն էր՝ արտաքին քաղաքականության գծով։
Գերատեսչության նոր ղեկավարը նախկինում նախարարի տեղակալն էր, նա զգալի դերակատարում է ունեցել 2015 թվականին միջուկային գործարքի կնքման գործում։
Որպես ԻԻՀ նախագահի հատուկ բանագնաց՝ նա 2020 թվականի հոկտեմբերին, Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի ամենաթեժ պահին եղել է Հայաստանում, Ռուսաստանում, Ադրբեջանում և Թուրքիայում՝ հակամարտության կարգավորման տարբերակները քննարկելու նպատակով։
Հիշեցնենք` Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կործանվել էր մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Հուլիսի 5–ին Իրանի նախագահ ընտրվեց Մասուդ Փեզեշքիանը։