ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանին հրավիրել է մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին: Այս մասին IRNA գործակալությանը հայտնել է ՌԴ-ում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին։
Դիվանագետը չի բացառել այդ գագաթնաժողովի շրջանակներում երկու երկրների միջև երկարաժամկետ համագործակցության համապարփակ համաձայնագրի ստորագրման հնարավորությունը:
«Երբ պարոն Պուտինը զանգահարել է պարոն Փեզեշքիանին՝ շնորհավորելու նրան Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, իր իրանցի գործընկերոջը հրավիրել է մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, և մեր երկրի նախագահն ընդունել է այդ հրավերը», - ասել է դիվանագետը։
Նրա խոսքով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2024 թվականը ԲՐԻԿՍ-ին Իրանի անդամակցության առաջին տարին է, ինչպես նաև հաշվի առնելով Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները, Իրանն ամենաբարձր մակարդակով մասնակցել է այդ կազմակերպության շրջանակներում իրականացված բոլոր միջոցառումներին:
«ԲՐԻԿՍ-ի 10 անդամների հավաքը Կազանում լավ հնարավորություն է ընձեռում անդամ պետությունների ղեկավարների երկկողմ հանդիպումների համար։ Այդ հնարավորությունը կօգտագործվի այլ երկրների հետ հարաբերությունների խթանման համար», - ասել է Ջալալին։
ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը տեղի կունենա այս տարվա հոկտեմբերին՝ Կազանում։
ԲՐԻԿՍ-ը միավորում է Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան հանրապետությունը, սակայն վերջին շրջանում տնտեսական բլոկին միանալու ցանկություն է հայտնել արդեն 23 պետություն: Կազմակերպության գագաթնաժողովի արդյունքներով, որը տեղի է ունեցել նախորդ տարվա օգոստոսին՝ Յոհանեսբուրգում, ԲՐԻԿՍ-ին 2024 թվականի հունվարի 1-ից անդամակցելու համար պաշտոնապես հրավիրվել են ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Իրանը, Արգենտինան, Եգիպտոսը և Եթովպիան: