Իրանը շահագրգռված է ռուսական գազի տարանցմամբ. Ջալալի

Իրանի դեսպանը նաև նշել է նավթագազային ոլորտում ռուսական ներդրումների հարցում Թեհրանի հետաքրքրվածությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի - Sputnik. Թեհրանը պատրաստ է Իրանի տարածքով Ռուսաստանից գազի տարանցմանը։ Այս մասին Աստրախանում կայացած IX Կասպիական մեդիաֆորումում լրագրողներին ասել է ՌԴ-ում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին։
Խոսելով Իրանի տարածքով ռուսական գազի տարանցման հնարավորության մասին՝ դեսպանն ընդգծել է, որ իր երկիրը շահագրգռվածություն ունի ռուսական ներդրումների ներգրավմամբ իրանական հանքավայրերի շահագործման հարցում։
«Արդեն գործում է 5 հանքավայր, որտեղ Ռուսաստանը ներդրումներ է կատարել։ Իրանի հարավում կա գազի 2 հանքավայր, և մենք մեծ ցանկություն ունենք շարունակելու ՌԴ-ի հետ աշխատանքը», - ասել է Ջալալին։
Նրա խոսքով՝ իրանական կողմը մշտական հիմունքներով բանակցություններ է վարում «ԼՈւԿՕՅԼ»-ի գլխավոր տնօրենի հետ:
«Մենք միշտ ասել ենք «ԼՈՒԿՕՅԼ» ընկերությանը, որ պատրաստ ենք ընդունել նրանց ներդրումները։ Պատրաստ ենք, որ նրանք ավելի ակտիվ աշխատեն Իրանում»,- նշել է իրանցի դիվանագետը։
Հայաստանը նախատեսում է ավելացնել Իրանից գազի ներկրումը
Նա նաև հավելել է, որ Իրանը ծրագրում է «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով բեռների տարանցումն ավելացնել 3 անգամ՝ մինչև 2 մլն տոննայի չափով՝ հաշվի առնելով ՄՏՄ արևելյան ճյուղի ներուժը: Ինչպես հայտարարել է դեսպանը, Ռուսաստանի, Ղազախստանի և Թուրքմենստանի օգնությամբ Իրանը 2023 թվականին սկսել է բեռների փոխադրումը «Հյուսիս-հարավ» միջանցքի Արևելյան ուղությամբ՝ հասնելով 650 հազար տոննա ցուցանիշին։
Ջալալին ընդգծել է, որ անհրաժեշտ է հասնել այդ ճյուղի՝ 15 մլն տոննա բեռների փոխադրման ներուժի լիարժեք օգտագործմանը։