ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի - Sputnik. Հայաստանում Covid-19-ի «Օմիկրոն» ենթատեսակի լաբորատոր հաստատված 29 դեպք է գրանցվել վերջին 14 օրում: Տեղեկությունը հայտում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Հիվանդության ընթացքը ծանր չէ, այս պահին Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստանյութն ունի բարձր արդյունավետություն շրջանառվող ենթատեսակների դեմ»,–հայտնում է նախարարությունը։
Նշվում է, որ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը մասնագետների հետ քննարկել է երկրում համաճարակային իրավիճակը, քանի որ աշխարհում համաճարակային իրավիճակը վարակիչ որոշ հիվանդությունների առումով գնալով լարվում է:
Խորհրդակցություն ՀՀ առողջապահության նախարարությունում
Նանուշյանն ընդգծել է, որ արձակուրդային սեզոնի ավարտին կարմրուկի, կապույտ հազի, ջրծաղիկի, վարակիչ մյուս հիվանդությունների դեպքերի աճից խուսափելու համար անհրաժեշտ է ուժեղացնել ուսումնական հաստատություններում կանխարգելիչ միջոցառումները և ծնողներին իրազեկել ժամանակին երեխաներին պատվաստելու կարևորության մասին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Կապիկի ծաղիկ հիվանդությանը, որով պայմանավորված նախօրեին ԱՀԿ-ն հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարել:
Թեև Հայաստանում հիվանդության ներթափանցման և հետագայում տարածման ռիսկը համարվում է ցածր, այդուհանդերձ, Լենա Նանուշյանը նշել է, որ անհրաժեշտ է սահմանային անցակետերում գործընկերների հետ դեպքերի վերհանման մեխանիզմները հստակեցնել:
Մասնագետներն անդրադարձել են նաև տարածաշրջանում Արևմտյան Նեղոսի տենդով պայմանավորված դեպքերին։
Հանդիպման ավարտին Լենա Նանուշյանը հանձնարարել է երկրում շրջանառվող բոլոր տեսակի վարակիչ հիվանդությունների համաճարակային հսկողությունը ուժեղացնել, հստակեցնել իրավական կարգավորումները և բարձրացնել իրազեկվածությունը: