ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի - Sputnik. ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, հաշվի առնելով ռազմական գործողությունների մոտ լինելը Կուրսկի գործող ԱԷԿ-ին, պատրաստակամություն է հայտնել իրավիճակը գնահատելու նպատակով այցելել կայան: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են գործակալության մամուլի ծառայությունից։
Այսօր ավելի վաղ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը և Ռաֆայել Գրոսին հեռախոսով քննարկել են Կուրսկի և Զապորոժիեի ատոմակայաններում տիրող իրավիճակը: Լիխաչովն ընդգծել է, որ այդ կայանների շուրջ իրավիճակը շարունակում է վատթարանալ․ նա նաև Գրոսիին հրավիրել է մոտ ժամանակներս այցելել Կուրսկի ԱԷԿ և Կուրչատով քաղաք` անձամբ գնահատելու կայանի շուրջ ստեղծված իրավիճակը:
«Գլխավոր տնօրեն Գրոսսին պատրաստակամություն է հայտնել գնահատել իրավիճակը, այդ թվում՝ այցելելով կայան», - ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Պատասխանելով հարցին, թե ինչպես է Գրոսին գնահատում Զապորոժիեի և Կուրսկի ԱԷԿ-ների անվտանգության հետ կապված իրավիճակը, ՄԱԳԱՏԷ-ում հայտարարել են, որ կազմակերպության ղեկավարը մտահոգություն է հայտնել կայանների անվտանգության կապակցությամբ, և այնտեղ, ինչպես և ցանկացած այլ վայրում, որտեղ կարող է միջուկային վթար տեղի ունենալ, գտնվում են գործակալության մշտական ներկայացուցիչները:
«Ռոսատոմը» հայտարարել է, որ այսօր Զապորոժիեի ԱԷԿ-ի անմիջական հարևանությամբ ուկրաինական անօդաչուից «մարտական լիցք է նետվել» այն ճանապարհի վրա, որը պարբերաբար օգտագործվում է անձնակազմի տեղափոխման համար:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ–ն հայտարարել էր, որ ուկրաինացի զինվորականները ծրագրում են հարձակվել Կուրսկի և Զապորոժիեի ԱԷԿ-ների վրա:
Ռուսաստանի ԱԳՆ-ն Ուկրաինայի կողմից Կուրսկի ԱԷԿ-ի դեմ սադրանք նախապատրաստելու մասին տեղեկությունների ֆոնին կոչ է արել միջազգային կազմակերպություններին, հատկապես ՄԱԿ-ին և ՄԱԳԱՏԷ-ին՝ դատապարտել ՌԴ միջուկային օբյեկտներում Կիևի ռեժիմի կողմից նախապատրաստվող սադրանքները, որոնք հղի են Եվրոպայում լայնածավալ տեխնածին աղետով: