ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. ՀՀ ԱԳ նախարարության նախաձեռնությամբ Երևանում սեպտեմբերի 9-11-ին կանցկացվի «Երևան երկխոսություն» համաժողովը, որին հրավիրված են դիվանագիտության, քաղաքականության, գործարար, գիտության և մշակույթի ոլորտի առաջնորդներ և փորձագետներ ավելի քան 80 երկրներից և կազմակերպություններից: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Համաժողովին ընդառաջ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել` ընդգծելով, որ Հարավային Կովկասը, որը պատմականորեն եղել է մշակութային և խոշոր առևտրային ուղիների հատման կետում, այսօր կանգնած է կարևոր խաչմերուկում:
«Մեր տարածաշրջանը բախվել է հսկայական ցնցումների, այդ թվում՝ այնպիսի զարգացումների, որոնք մեծապես ազդել են մարդկային կյանքի և տարածաշրջանի ընդհանուր տնտեսական զարգացման, դրա ներկայի և ապագայի վրա: Մենք այս պահին պատմական հանգրվանում ենք՝ ավելի խաղաղ, ապահով և բարեկեցիկ ապագայի ճիշտ ընտրություն կատարելու, ճիշտ ճանապարհով ընթանալու իրական հնարավորությամբ։Երկխոսությունն ու բաց քննարկումները վակուումը լրացնելու կարևոր նախապայման են և յուրահատուկ միջոց»,– ասել է Միրզոյանն իր ուղերձում։
Նա շեշտել է, որ «Երևան երկխոսությունը» կապահովի կարևոր հարթակ՝ հնչեցնելու թիրախային հարցեր, տարբերվող կարծիքներ ու համադրվող պատասխաններ, որոնելու կայուն լուծումներ:
ՀՀ ԱԳՆ–ն սպասում է բոլոր հրավիրվածների ակտիվ մասնակցությանն ու ներդրումին՝ նպատակ ունենալով հասցեագրել մերօրյա հրատապ խնդիրները՝ «ապագան կառուցելով այսօր»: