ԱՕԿՍ-ի շենքի վարձակալության մրցույթի արդյունքներն ամփոփվել են․ հայտնի է վարձավճարի չափը

Տարածքում գործելու են ցուցասրահ, արվեստանոց և սրճարաններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող հայտնի ԱՕԿՍ-ի շենքի վարձակալության մրցույթի արդյունքներն ամփոփվել են։ Այս մասին հայտնում է ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեն։
Մրցույթում հաղթող է ճանաչվել բրենդային հագուստի դիստրիբյուտոր «ԶԵԹ ԸՆԴ ԷՅ» ՍՊԸ-ն՝ առաջարկելով 16,200,000 դրամ վարձավճարի չափ։
«Տարածքի շահագործման արդյունքում մեկ հարկի տակ է միավորվելու բարձր արվեստը և նորաձևությունը։ Գործելու են ցուցասրահ, զարգացման արվեստանոց, «Red Book» և դասական սրճարաններ»,–հայտնում է կոմիտեն։
ԱՕԿՍ–ի շենքը վարձակալության է տրվում 10 տարի ժամկետով։ Նախատեսվում է երկու տարում շենքում իրականացնել 1 մլրդ 170 մլն դրամի ներդրում։
Հավելենք, որ մայրաքաղաքում պահպանված ամենագեղեցիկ շենքերից մեկում, որը կառուցվել է 1910-ականներին և պատկանում էր բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանին, 1944 թվականից գործում էր արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերությունը (ԱՕԿՍ)։
2016 թվականին հանցավոր խումբը «ԱՕԿՍ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը 550 000 դոլարով ձևական գործարքի արդյունքում օտարել էր օֆշորում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերությանը։
Դրա տնօրենն է հանդիսացել 2012-2016 թթ. ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցրած Հասմիկ Պողոսյանի որդու կինը՝ Ֆրանչեսկա Կուտրուպին։
2020 թվականին հարուցված քրական գործով մեղադրանք էր առաջադրվել Հասմիկ Պողոսյանին և Իսրայելում և ՌԴ–ում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանին։
2023–ի սեպտեմբերի 9–ին ԱՕԿՍ–ի շենքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը, իսկ 2024–ի հունիսի 6–ին կառավարության նիստում որոշվեց այն մրցութային կարգով հանձնել վարձակալության։