ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Լոռու մարզի Ախթալա քաղաք տանող նոր (ժամանակավոր) կամրջի կառուցման աշխատանքներով պայմանավորված Ալավերդի համայնքի Ախթալա, Շամլուղ, Քարկոփ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան, Բենդիկ բնակավայրեր տանող ավտոճանապարհը 4 օրով փակ կլինի։ Տեղեկությունը հայտնում է Ալավերդու համայնքապետարանը։
«Օգոստոսի 19-ին, առավոտյան ժամը 08։00-ից մինչև օգոստոսի 23-ը` ժամը 08:00-ն, փակ է լինելու դեպի նշված բնակավայրեր տանող ավտոճանապարհը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հետիոտնային անցման համար նախատեսված կամուրջը փակ կլինի միայն օգոստոսի 19-ին։
Հրատապ առաջացած կարիքների դեպքում համայնքապետարանը կոչ է անում զանգահարել իրենց կամ կապ հաստատել բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով վնասվել են ճանապարհներ, քանդվել կամուրջներ, հեղեղվել բազմաթիվ տներ։ Աղետը 4 մարդու կյանք է խլել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։