Վարագավանի գյուղապետի ծեծելու գործով 2 անձ է ձերբակալվել․ մեկին մեղադրանք է ներկայացվել

Ձերբակալում
Վարույթի շրջանակում վարչական ղեկավարը տուժող է ճանաչվել և ցուցմունք է տվել դեպքի հանգամանքի շուրջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Տավուշի մարզի Բերդ համայնքի Վարագավանի համայնքապետի աշխատասենյակում տեղի ունեցած ծեծկռտուքի և վիճաբանության առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 2 անձ ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Վարույթի շրջանակում վարչական ղեկավարը տուժող է ճանաչվել և ցուցմունք է տվել դեպքի հանգամանքի շուրջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ծեծկռտուք է եղել Վարագավանի համայնքապետի աշխատասենյակում, վեճը շարունակվել է արդեն դրսում։
Քննությամբ պարզվել է, որ Վարագավան գյուղի 28-ամյա և Բերդ քաղաքի 27-ամյա բնակիչները, ովքեր, բարեկամական կապեր ունեն, փորձել են ուժի գործադրման սպառնալիքով լուծում տալ Վարագավան բնակավայրում բնակվող իրենց մեկ այլ բարեկամի խնդիրներին և այդ նպատակով այցելել են բնակավայրի վարչական ղեկավարի գրասենյակ, հանդիպել նրա հետ։ Նշվում է, որ հանդիպումը վերածվել է վեճի և ծեծկռտուքի, ինչից հետո էլ 28-ամյա բնակիչը փախուստի է դիմել։
Վարագավանի համայնքապետը երիտասարդի փախուստից հետո հետապնդել է նրան։ Այդ ընթացքում դպրոցին հարակից տարածքում Բերդ-Վարագավան ավտոճանապարհին վերջինս մեքենայի առջևը «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով փակել են Տավուշի մարզի բնակիչ 37-ամյա մի երիտասարդ ու 28-ամյա երիտասարդի հորեղբայրը՝ Տավուշի մարզի բնակիչ 56-ամյա Արամ Մանուչարյանը։ Վերջինս ձեռքին ունեցել է ինքնաձիգ, սակայն համայնքապետը կարողացել է վերցնել այն, ինչը հետագայում ներկայացվել է իրավապահներին։
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում դեպքի օրը՝ ժամը 22:45-ին, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Բագրատաշեն բնակավայրում՝ պետական սահմանը հատելու պահին, 56-ամյա տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: Վերջինիս ձերբակալելու որոշում է կայացվել: Նրան նաև մեղադրանք է առաջադրվել»,–ասված է հաղորդագրության մեջ։
Քրեական վարույթը նախաձեռնվել է հոգեկան ներգործություն, ֆիզիկական ներգործություն, խուլիգանություն և հրազենի ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության հոդվածներով։
Միջնորդություն է ներկայացվել դատարան` վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Ավելի ուշ` օգոստոսի 16-ին, հանցանք կատարելու հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել է նաև Բերդ համայնքի 37-ամյա բնակիչը:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են ապացուցողական անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, միջադեպին մասնակից անձանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ:
Թլիկի վարչական ղեկավարին խնամիներն են ծեծել. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում