ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի - Sputnik. Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է անցումային թիմ ստեղծելու մասին, որը նոյեմբերին կայանալիք ընտրություններում հաղթելու դեպքում կզբաղվի նրա նոր վարչակազմի ձևավորման նախապատրաստմամբ: Այս մասին ասվում է քաղաքական գործչի նախընտրական շտաբի տարածած հայտարարությամբ, որի տեքստը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք մտադիր ենք վերականգնել հզորությունը, կոմպետենտությունն ու ողջախոհությունը (Սպիտակ տան) Ձվածիր աշխատասենյակում։ Լիովին վստահ ենք, որ Թրամփ-Վենսի վարչակազմը պատրաստ կլինի երկրի արդյունավետ կառավարմանը հենց առաջին իսկ օրվանից»,-նշվում է հայտարարության մեջ։
Անցումային թիմը կգլխավորեն Թրամփի նախընտրական արշավի երկու գլխավոր հովանավորները՝ Փոքր բիզնեսի գործերի վարչության նախկին ադմինիստրատոր Լինդա Մաքմահոնը և միլիարդատեր Հովարդ Լյութնիկը:
Սենատոր Ջեյ Դի Վենսը, որն առաջադրվել է փոխնախագահի հանրապետական թեկնածուի պաշտոնի համար, ինչպես նաև Թրամփի որդիներ Դոնալդն ու Էրիկը նշանակվել են պատվավոր նախագահներ:
ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին: Հանրապետական կուսակցությունից նախագահի պաշտոնում պաշտոնապես առաջադրվել է Դոնալդ Թրամփը։ Դեմոկրատներից ընտրություններին նախատեսվում է առաջադրել գործող փոխնախագահ Քամալա Հարիսին, որի թեկնածությունը հաջորդ շաբաթ Չիկագոյում կայանալիք կոնվենցիայում դեռ պետք է կուսակցության կողմից ստանա պաշտոնական հաստատում: