ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Գիշերվա ընթացքում ուկրաինական 5 անօդաչու և անանձնակազմ 2 մոտորանավակ է ոչնչացվել Սև ծովի վրա։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Անցած գիշերվա ընթացքում ՌԴ տարածքում անօդաչուների կիրառմամբ ահաբեկչական գործողություններ իրականացնելու կիևյան ռեժիմի փորձի ժամանակ ՀՕՊ հերթապահ միջոցներով Սև ծովի ավազանում որսացել և ոչնչացվել են ինքնաթիռի տիպի 5 անօդաչու», – ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից նշում են, որ բացի այս, Սև ծովում հերթապահ կրակային միջոցներով ոչնչացվել է առանց անձնակազմի 2 մոտորանավակ, որոնք ընթանում էին Ղրիմի թերակղզու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը օգոստոսի 7-ին հայտարարել էր, թե օգոստոսի 6-ին` ժամը 5:30-ին, Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները հարձակման են անցել Կուրսկի շրջանում տարածք գրավելու նպատակով: Նրա խոսքով՝ նրանց առաջխաղացումը դեպի ՌԴ տարածք կասեցվել է։
ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետն ընդգծել է, որ Կուրսկի շրջանում գործողությունն ավարտվելու է հակառակորդի ջախջախմամբ և պետական սահմաններից դուրս շպրտվելով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Կուրսկում տիրող իրավիճակը, հայտարարել է, որ Կիևի ռեժիմը հերթական լայնածավալ սադրանքն է ձեռնարկել, անկանոն կրակոցներ է արձակում, այդ թվում՝ քաղաքացիական թիրախների ուղղությամբ:
Կուրսկի, ինչպես նաև Բելգորոդի և Բրյանսկի շրջաններում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու և ուկրաինական դիվերսիոն-հետախուզական կազմավորումների կողմից ահաբեկչությունների սպառնալիքները կանխելու համար գործի է դրվել հակաահաբեկչական գործողություն։