Պաշտոնյան 1 մլն դրամ կաշառք է վերցրել և թաքցրել խախտումները. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Կաշառք
Հակակոռուպցիոն կոմիտեի տվյալներով` պաշտոնատար անձը գլխավոր բժշկից կաշառք է վերցրել բուժկենտրոնի փոխտնօրենի միջոցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ստորաբաժանումներից մեկի ղեկավար Ք. Ա.–ն խոշոր չափի կաշառք է վերցրել բժշկական կենտրոններից մեկիգլխավոր բժշկից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
«Ք. Ա.-ի ղեկավարած ստորաբաժանման աշխատակիցները ԲԿ–ում ստուգումներ են իրականացրել 2023 թվականի հուլիսի 19-ից օգոստոսի 7-ն ընկած ժամանակահատվածում, Ք. Ա.-ն հայտնաբերված խախտումների մասին տեղեկացրել է ԲԿ փոխտնօրենին։ Այնուհետև ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումները չարձանագրելու համար Ք. Ա.-ն փոխտնօրենի միջոցով գլխավոր բժիշկից պահանջել է 1.000.000 դրամ կաշառք»,– ասված է հաղորդագրությունում։
Ընդունելով կաշառք տալու առաջարկը՝ գլխավոր բժիշկը 2023 թվականի հուլիսի 27-ին և 31-ին կաշառքի գումարը փոխտնօրենի միջոցով մաս-մաս փոխանցել է Ք. Ա.- ին:
Դրանից հետո Ք. Ա.-ի ղեկավարած ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած ստուգման վերաբերյալ կազմված ակտով արձանագրվել է, որ ստուգման ընթացքում բժշկական օգնության և սպասարկման ոլորտում խախտումներ չեն հայտնաբերվել:
Խոշոր չափերով կաշառք ստանալու համար Ք. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (խոշոր չափերի կաշառք ստանալը):
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, որը հետագայում փոխարինվել է տնային կալանքով:
Պաշտոնատար անձին խոշոր չափերով կաշառք տված գլխավոր բժշկի և կաշառքի միջնորդություն կատարած փոխտնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումներ են կայացվել գործուն զղջալու հիմքով:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:
Նոր քրեական հետապնդում Միքայել Մինասյանի նկատմամբ. նա ՀՀ–ին 350 մլն դոլարի վնաս է հասցրել