ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի հիմնական դպրոցի շինաշխատանքները ավարտական փուլում են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի մամուլի ծառայությունը` նշելով, որ կառույցի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայցեր է կատարել կոմիտեի համակարգմամբ իրականացվող ծրագրերի շինհրապարակներում, եղել է Տավուշի և Կոտայքի մարզերում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիրանց համայնքի նորակառույց դպրոցը սահմանազատումից հետո ադրբեջանական հատվածից մի քանի մետր հեռավորության վրա է հայտնվում։ Ընդամենը 1 րոպեում կարելի է ադրբեջանական կողմից հասնել դպրոց։
«Տավուշի մարզում կոմիտեի ղեկավարը հետևել է Կիրանցի հիմնական դպրոցի կառուցման ծրագրի ընթացքին։ Շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։ Նախատեսվում է դպրոցը շահագործման հանձնել սեպտեմբերին»,- ասված է հաղորդագրությունում։
Եղիազարյանը Կոտայքի մարզում ծանոթացել է Հրազդանի «մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման ծրագրի շինարարական աշխատանքներին։ Այնտեղ կատարվում են ներքին հարդարման և արտաքին բարեկարգման աշխատանքներ։ Մսուր-մանկապարտեզն ունենալու է արևային ֆոտովոլտային և արևային ջրատաքացուցիչ համակարգեր։ Նախատեսվում է նաև կառուցել խաղահրապարակ, որը կունենա արհեստական խոտածածկույթ։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը ծրագրերում ընդգրկված կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է որակի և ժամանակացույցի վերաբերյալ հարցեր, տվել ցուցումներ։ Նա կարևորել է ծրագրի բոլոր կողմերի թիմային աշխատանքը և բարձր որակ ապահովելու հարցում հետևողականությունը։