Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Կիևի զինված սադրանքների հավանականությունը մեծ է. Բելառուսի պաշտպանության նախարար

Վիկտոր Խրենին
Ուկրաինական կողմն անընդհատ հետախուզություն է իրականացնում` օգտագործելով ԱԹՍ-ներ, այդ թվում՝ Բելառուսի օդային տարածքը խախտելու փորձերով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված սադրանքների մեծ հավանականություն կա։ Տեղեկությունը հայտնում է ԲԵԼՏԱ-ն:
Այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռազմական անվտանգության հարցերով խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել է պաշտպանական գերատեսչության ղեկավար Վիկտոր Խրենինը:
«Իրավիճակը հարավային օպերատիվ ուղղությամբ շարունակում է լարված մնալ։ Ուկրաինայի Զինված ուժերի և սահմանապահ ծառայության կազմավորումները շարունակում են բարելավել սահմանային պաշտպանության համակարգը և էշելոնացված պաշտպանության տարրերը: Բելառուսի Հանրապետության պետական սահմանի երկայնքով նկատվում է հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանումների և Ուկրաինայի անվտանգության ծառայության ակտիվ գործունեություն»,- հայտարարել է Խրենինը։
Նրա խոսքով՝ ուկրաինական կողմից շարունակաբար հետախուզություն է իրականացվում, ինչի համար ակտիվորեն օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ Բելառուսի օդային տարածքը խախտելու փորձերով:
«Սահմանամերձ շրջաններում ուկրաինական զինված կազմավորումների ներկայության պայմաններում պահպանվում է մեր տարածքում զինված սադրանքների նախապատրաստման և անցկացման, ինչպես նաև ռեզոնանսային գործողությունների մեծ հավանականությունը»,- ասել է Բելառուսի պաշտպանության նախարարը:
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ օգոստոսի 9-ին հանրապետության տարածքում խոցվել են ուկրաինական հարվածային անօդաչու թռչող սարքեր, մի մասն էլ ոչնչացվել է ռուս գործընկերների կողմից ՌԴ տարածքում: Երկրի ղեկավարը դա սադրանք էր անվանել՝ հավելելով, որ սադրանքներն անպատասխան չեն մնա:
Սև ծովի երկնքում գիշերվա ընթացքում ուկրաինական 5 ԱԹՍ և 2 մոտորանավակ է ոչնչացվել. ՌԴ ՊՆ